Բրիտանական «imitating the dog» թատերախումբը կներկայացնի «Մեթուսելա հյուրանոցը» բեմադրությունը
Այսօր և վաղը Պատանի հանդիսատեսի թատրոնում բրիտանական «imitating the dog» թատերախումբը կներկայացնի «Hotel Methuselah» բեմադրությունը: Հիմնական ծրագրում ներկայացնելով այս բեմադրությունը` «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում Հայֆեստ 8-րդ միջազգային թատերական փառատոնի հետ համագործակցում է Բրիտանական խորհուրդը:
«Յուրաքանչյուր տարի արվեստի տարբեր ոլորտներում մենք աշխատում ենք այնպիսի նորարար աշխատանքներ ցուցադրել, որ և հետաքրքիր լինի հայ հանդիսատեսի համար, և նաև կապեր ստեղծելու հնարավորություն ընձեռի մասնակիցների և տեղական մասնագետների միջև»,- ասել է Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Միացյալ Թագավորությունից ժամանած «imitating the dog» թատերախումբը, միահյուսելով թատերարվեստի ժամանակակից և ավանդական մոտեցումները, հայ հանդիսատեսին է ներկայացնում Մեթուսելա հյուրանոցը ներկայացումը: «Hotel Methuselah»-ը ժամանակակից ոգով ներկայացված պատմություն է, որն ուսումնասիրում է անհատի վախը մահից, սեքսուալությունից և երեխաներ ունենալու ահաբեկող պատասխանատվությունից:
Թատերախմբի դերասան Աննա Ուիլսոնի խոսքերով` Միացյալ Թագավորությունում առկա տենդենցը այն է, որ իրենք չեն կենտրոնանում պատմությունը պատմելու վրա, այլ ավելի շատ կենտրոնանում են հետդրամատիկ իրավիճակի վրա. «Մենք փորձել ենք նորից վերարտադրել և վերաստեղծել այս տենդենցը մեր ներկայացման մեջ»:
Հայֆեստ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքերով` այս ներկայացումը շատ գայթակղիչ է ու հետաքրքիր հայ հանդիսատեսի համար, այն տիպիկ էքսպերիմենտալ ներկայացում է:
«Մեր աշխատանքը միանշանակորեն չի բնորոշում Միացյալ Թագավորությունում թատերական արվեստում ընթացող գործընթացները, այնուամենայնիվ Բրիտանիայում մեյնսթրիմին պատկանող թատրոնները ավելի ու ավելի են գնում դեպի էքսպերիմենտալ թատրոններ: Լոնդոնի հիմնական թատրոնները, օրինակ` Լոնդոնում ազգային թատրոնը, հիմա փնտրում են թատերախմբեր, որոնք ավելի շատ էքսպերիմենտալ ներկայացումներ են անում»,- ասում է թատերախմբի դերասան Մորվեն Մաքբեթը:
«Imitating the dog» թատերախումբը ստեղծվել է Լիդսում 1998 թվականին: Նրանք բեմադրել են հինգ խոշոր հյուրախաղային ներկայացում, ինչպես նաև իրականացրել են բազմաթիվ փոքր ներկայացումներ և ուսումնական ծրագրեր: Թատերախմբի հիմնական ֆինանսավորումը իրականացվում է Անգլիայի արվեստի խորհրդի կողմից: «Imitating the dog» -ը գործում է Նաֆիլդի թատրոնի և Լիդսի Մետրոպոլիտեն Ստուդիո թատրոնին կից:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել