
Հոկտեմբերի 23-28-ը սպասվում է Գարեգին Բ կաթողիկոսի այցը Վրաստան: «Արդյոք նա Ջավախքում կլինի՞»,- հարցին ի պատասխան` այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Հիմա քննարկումների փուլում է: Ես ձեռնպահ կմնամ այցելության ծրագրի եւ քննարկումների վերաբերյալ բացահայտումներ կատարելուց»:
Բանախոսը, այնուամենայնիվ, մանրամասնում է, որ այցի ընթացքում Մայր Աթոռը հնարավորություն կունենա եւս մեկ անգամ բարձրաձայնել Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների հարցը եւ կփորձի շոշափելի դարձնել խնդրի լուծման հեռանկարները:
Եթե Թուրքիայում ազգային փոքրամասնությունների եկեղեցիները գործում են «Հիմնադրամների մասին» օրենքով, Վրաստանում էլ իշխանություններն առաջարկում են, որ իրենց տարածքում գտնվող, օրինակ, հայկական եկեղեցիները գործունեությունն իրականացնեն հասարակական կազմակերպությունների կարգավիճակով:
«Վրաստանում էլ կրոնական կազմակերպությունների կյանքը կանոնակարգող որեւէ օրենք գոյություն չունի: Այս առումով մեծապես զարմանալի է, որ ժողովրդավարության ցուցանիշներով մեր տարածաշրջանում գոնե առաջատար ներկայացող մի երկիր մինիմալ ստանդարտները չի պահպանում` նույն այդ ժողովրդավարական ինստիտուտների կողմից առաջադրված: Միայն Սահմանադրության մեջ նշումը կա, որ պետությունն ապահովում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, բայց համապատասխան օրենսդրություն գոյություն չունի: Եվ այս առումով, եթե օրենսդրություն չկա, եկեղեցին էլ պատշաճ իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու իրավունք չունի»,- մանրամասնում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Ըստ նրա` բոլոր առիթներով, երբ վրաց բարձրաստիճան պաշտոնյաները եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետը խնդիրը բարձրաձայնել է: Դրա առնչությամբ փոխանակվել են բազմաթիվ նամակներ: Սակայն մինչ օրս որեւէ արդյունք չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել