Ադրբեջանցի դիվերսանտի դիակը փոխանցելու վերաբերյալ
Ադրբեջանի կրոնական առաջնորդների եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերության վերջին դրսեւորումը, ըստ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, այն է, որ Կովկասի մուսուլմանների առաջնորդի խնդրանքով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է Գարեգին Բ կաթողիկոսին, որպեսզի նա ադրբեջանցի դիվերսանտի մարմինը փոխանցելու հարցում միջնորդի ՀՀ իշխանություններին:
«Վահափառ Հայրապետիը խնդիրը ներկայացրել է իշխանություններին, եւ քննարկումների արդյունքում Կիրիլ պատրիարքին ծանուցվել է, որ հայկական կողմից մշտապես դրսեւորվում են բարյացակամություն, հանդուրժողականություն, մինչդեռ ադրբեջանական կողմը որեւէ ձեւով չի դրսեւորում բարի կամք»,- նշում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ հավելում, թե ասվածի վկայությունն այն է, որ ցայսօր Ադրբեջանի տարածքում 6 հայ ռազմագերի կա, որոնց ադրբեջանցիները չեն վերադարձնում հայկական կողմին:
«Մինչեւ ադրբեջանցի դիվերսանտի մարմնի վերադարձը, որը խլել է 5 հայորդու կյանք, նրան արդեն շնորհվել է հերոսի կոչում: Սա խոսում է մի փաստի մասին, որ Ադրբեջանում տակավին ռազմատենչ, մարտական տրամադրությունները գերիշխող են,- ասում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու շեշտում,- այս դիտարկումները փոխանցվել են Կիրիլ պատրիարքին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել