
«Աղթամարում Թուրքիայի կազմակերպած շոուն այդպես էլ չիրականացավ, քանի որ թուրքական մամուլն ուսումնասիրելուց տեսնում ենք, որ նրանք սպասում էին 6000-ից ավելի հյուրերի: Սակայն ըստ Պոլսի պատրիարքարանի` պատարագին մասնակցած հայերը 1000-ից մի փոքր ավելի էին: Ըստ թուրքական մամուլի` ցավալին այն է, որ դրանցից 800-ը ստամբուլահայեր էին: 200-ը Հայաստանից էին, 300-ը` սփյուռքից»,- այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Քրիստինե Մելքոնյանը:
Նա նշում է, որ Թուրքիան, հանարավոր է, տնտեսական եւ քաղաքական առումով որոշակի հաղթանակներ ունենա սրանով, քանի որ Սուրբ Խաչի պատարագը հոյակապ գովազդ էր` երկիրը ներկայացնելու եւ տարածաշրջանում զբոսաշրջիկների նոր ալիք ունենալու համար: Պատմաբանը նշում է, որ քաղաքական առումով պատարագի արդյունքների մասին կարող ենք խոսել Թուրքիայի վերաբերյալ Եվրամիության եւ Եվրախորհրդարանի առաջիկա զեկույցներից հետո:
«Եթե նրանք դրական գնահատեն այս քայլը, հնարավոր է` Թուրքիան կարողանա բարձրացնել իր արժեքն այս կառույցներում,- ասում է Մելքոնյանը,- Թուրքիան այսպես փորձում է ցույց տալ, որ փոխել է իր վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ: 1912-13 թթ. Պոլսի պատրիարքարանի կողմից կազմված ցուցակի համաձայն` Թուրքիայում եղել է 2000-ից ավելի պատմական հայական հուշարձան, որոնց մեծ մասը ոչնչացվել է տարիների ընթացքում` հատկապես ցեղասպանության ժամանակ: 1974-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տեղեկատվությամբ` 1923-ից պահպանված 913 հայակական պատմական հուշարձաններից 464-ը ամբողջովին վերացել են, 252-ը` ավերված են, իսկ 197-ը նորոգման անհրաժեշտություն ունեն: Թուրքիան պարտավոր էր դեռեւս 1987-ի Եվրախորհրդարանի որոշմամբ բարեկարգել պատմական այդ հուշարձանները, սակայն միայն վերջին շրջանում է սկսել դա անել: Առաջին պատճառը Եվրոպայի ճնշումն է, հետո` ըստ թուրքերի` դա հոյակապ ներդրում է տնտեսությունը զարգացնելու համար: Երրորդ` ըստ թուրքական դիվանագիտության` սա նաեւ կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Բայց ըստ արեւմտյան մամուլի` ոչ պատարագի անցկացումը, ոչ էլ եկեղեցիների նորոգումը դեռեւս դրական արդյունք չեն տվել: Արեւմտյան մամուլում հատկապես քննադատվում է Սուրբ խաչի գմբեթին խաչը չդնելը: Թուրքական «Զամանը», «Թարաֆը» նույնպես բացասաբար են անդրադարձել այդ թեմային, դատապարտել կառավարությանը: Հնարավոր է այդ ազդեցության ներքո Վանի նահանգապետը հայտարարեց, որ 1.5 ամսից խաչը կդրվի: Դա ապագան ցույց կտա, բայց հավանականությունը մեծ է, որ թուրքերը խոստումը չկատարեն, որովհետեւ բազմիցս նման դեպքեր եղել են»:
Քրիստինե Մելքոնյանի փոխանցմամբ` եկեղեցիների նորոգման թափ ստացած գործընթացի նախաձեռնողները հատկապես նահանգապետներն են, որոնք փորձում են զարգացնել իրենց երկրամասերի տնտեսությունը: Նա նշում է, որ Սուրբ Խաչի պատարագից հետո Վանի տնտեսական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, թե 6 արտասահմանյան ընկերություն արդեն առաջարկել են ներդրում անել, ինչը, հնարավոր է, իրականություն է:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին էլ ասում է, որ Թուրքիայի այսօրվա քայլերը բխում են նրանից, որ ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը ներկայումս կանգնած է շատ ավելի բարդ մարտահրավերների առաջ, քան երբեւէ: Դա առաջին հերթին պայմանավորված է 2004-05 թթ.-ից հետո Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական աղբյուրներում պահվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող պաշտոնական փաստաթղթերի հրապարակմամբ: Պաքրզվում է` Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի դաշնակից Գերմանիան միակն էր, որի հյուպատոսարանների Թուրքիայից թվայնացված հեռագրեր ուղարկելու իրավունք ունեին, որոնք թուրքերը չէին կարող որսալ:
«Թուրքիան հարկադրված պիտի գնար այնպիսի փոխներթափանցումների, որոնք մի կողմից` կստվերեին ցեղասպանության ժխտման եւ սահմանի բացման հարցում իր քաղաքականությունը, մյուս կողմից` կնպաստեին իր իմիջի բարձրացմանը Արեւմուտքում»,- շեշտում է Հայրունին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել