
Փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանում է
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանում է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության և մյուսների ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության' պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, կողմերի միջև ընթանում են հաշտության համաձայնություն կնքելու բանակցություններ:
Հաշտության բանակցությունները սկսվել են «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցչի նախաձեռնությամբ:
Այս պահի դրությամբ քննարկումներն իրականացվում են երկու կողմերի ներկայացուցիչների միջև և հաշտության համաձայնության մոտավոր եզրեր գտնելու դեպքում, այդ հարցը ներկայացվելու է կողմերի համաձայնեցմանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դրական է դիտում ցանկացած տեսակի վեճ հաշտությամբ լուծելու հնարավորությունը: Եվ, եթե «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետ բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն իր համար ընդունելի համաձայնություններ, ապա այդ վեճը կարող է ավարտվել նաև հաշտությամբ:
Այն տեղեկատվությունը, որ Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է հերքման տեքստը հրապարակելու և կրոնական կազմակերպությունից ներողություն խնդրելու, իրականությանը չի համապատասխանում:
Փաստաբան Արա Զոհրաբյան
Մեկնաբանել