
Քիչ առաջ ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթ ունեցավ նախկին զինդատախազ, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը: Նա, ի գիտություն գործող իշխանությունների, նշեց, որ վերջիններս թող հույսներ չփայփայեն, թե կկարողանան պառակտել ՀԱԿ-ը: «ՀԱԿ-ը ամուր ու միասնական է»,- ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ բանակը ՀԱԿ-ի համար չափազանց զգայուն թեմա է, և ՀԱԿ-ը երբևէ չի փորձել զինված ուժերում առկա խնդիրների վերհանմամբ քաղաքական միավորներ շահել, սակայն վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը դուրս են երևակայությունից: Զինված ուժերում «կրիմինալ սանձարձակության հիմնական պատճառը», ըստ Գագիկ Ջհանգիրյանի, մարտի 1-ին զինված ուժերի հակասահմանադրական կիրառումն էր խաղաղ ցուցարարների դեմ:
Սա, նախկին զինդատախազի խոսքերով, հոգեկան անդառնալի տեղաշարժերի պատճառ դարձավ զինվորականների շրջանում: Հենց այդ հրամանատարները խրախուսվեցին ու պարգևատրվեցին, սկսեցին առաջնային տեղ զբաղեցրել ԶՈՒ համակարգում: Իշխանությունը նրանց անձեռնմխելիությամբ օժտեց:
«Մարտի 1-ի զինված հեղափոխությունը այլասերեց ուժային, արդարադատական համակարգերը, որոնք մինչև ուղնուծուծը արատավորված են: Խալաֆյանին էլ է մարտի 1-ը սպանել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Նա հայտարարեց, թե իշխանությունների համար այս ժողովուրդը խանի սեփականությունն է: Տերերը զբաղված են երկիրը կողոպտելով, որովհետև իրենց երեխան սահման չի պահում, և իրենք հանցանքների համար չեն պատժվում: Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ` այս իշխանություններն ունակ չեն իրավիճակը փոխել:
«Ձեր ժամանակը սպառված է, պարոնայք: Որքան դուք ու ձեր ղեկավարները շուտ հրաժարական տաք, այնքան լավ հայ զինվորի ու քաղաքացու համար»,- ասաց նախկին զինդատախազը:
Նա տեղեկացրեց, որ երեքշաբթի օրվանից ՀԱԿ-ի գրասենյակներում լինելու է մի հայցի նախագիծ, որում ընդգրկված են իշխանության դեմ բոլոր գործերը: Մինչև հոկտեմբերի 10-ը քաղաքացիները կարող են միանալ այդ հայցադիմումին: ՀԱԿ-ը գնալու է մինչև Եվրադատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել