
Իզուր է Վիկտոր Դարբինյանը հրաժարվում իր խոսքերից
«Մանրամասներ Կապոյի գործից» հոդվածին հաջորդեց երկու արձագանք` հերքման ձևով: «Հետքի» հրապարակումը զրպարտություն համարեց ոչ միայն բժիշկը, որին անվանակոչել է գործարար և պաշտոնյա Վիկտոր Դարբինյանը, այլև վերջինս էլ, ով, փաստորեն, հրաժարվեց «Հետքի» մի քանի հոդվածներում հրապարակված իր խոսքերից: Վ. Դարբինյանի հերքման տեքստից այնպես է հասկացվում, թե իբր լրագրողի հետ չի հանդիպել, հարցազրույց չի տվել, և նրա անվամբ կեղծիք է հրապարակվել: Իսկ եթե որոշ հանգամանքներ իր խոսքերից են վերարտադրված, ապա անծանոթ «կինն» այդ տեղեկատվությունը ձեռք է բերել անօրինական եղանակով` «հին ծանոթների» զրույցից:
Հատկապես հերքել է, որ խնդիրներ ունի մարզի բարձրաստիճան իրավապահների հետ: Նախքան Վ. Դարբինյանի հերքմանն անդրադառնալը մի դիտարկում անենք բժիշկ Ա. Եդոյանի հերքման վերաբերյալ:
Վերջինս, ժխտելով Վ. Դարբինյանի` իր մասին հայտնած տեղեկությունը, նշել է նաև, որ Կապոյի` Կարեն Դավթյանի նկարները մինչև այսօր զարդարում են իրենց տան պատերը: Բժիշկը հավանաբար անուշադիր է եղել, քանի որ Վ. Դարբինյանը ոչ թե մահացած նկարչի` Կապոյի նկարներն է ակնարկել, այլ Կառլոս Աբովյանի 2 կտավները, որոնք, նրա տեղեկությամբ, Եդոյանները վաճառել են, որպեսզի վճարեն իրենցից պահանջված գումարը:
Ինչ վերաբերում է Վ. Դարբինյանի հերքմանը, ապա զարմանալի է, թե ինչու նա հատկապես վերջին հոդվածից հետո որոշեց հանդես գալ հերքմամբ, երբ սա նրա հարցազրույցի հիման վրա երրորդ հրապարակումն է «Հետքում»: Առաջինը եղել է դեռ հուլիսին:
Քանի որ, ինչպես Վ. Դարբինյանն է նշել, «հուզված լինելով` ամբողջությամբ չի հիշում իր պատմածը», փորձենք որոշ մանրամասներով թարմացնել նրա հիշողությունը:
Հավանաբար Վ. Դարբինյանը կհիշի, որ «Հետքի» լրագրողի հետ նրա հարցազրույցը տեղի է ունեցել Դարբինյաններին պատկանող «Դիկտիս» ՍՊԸ-ում: Հարցազրույցն ամբողջությամբ ձայնագրված է, և ձայնագրությունը պահվում է «Հետքի» խմբագրությունում:
Լրագրողին նախ ծավալուն հարցազրույց է տվել Վ. Դարբինյանը, ապա վերջինիս կարգադրությամբ` նրա աշխատակիցները: Հարցազրույցի ընդհանուր տևողությունը 1,5 ժամ է, միայն Վ. Դարբինյանի հետ` 65 րոպե: Ընդ որում` թվային ձայնագրիչով կատարված ձայնագրության մեջ հաջորդաբար թվագրված ֆայլերով Վ. Դարբինյանի հարցազրույցին անմիջապես հաջորդում են աշխատողների հարցազրույցները: Այն, որ լրագրողը 65 րոպե հարցազրույց է վարել Վ. Դարբինյանը հետ, ապացուցվում է նաև ձայնագրությունների բովանդակությամբ. երկխոսություն է ձայնագրված` կոնկրետ հարցուպատասխանի ձևով: Մեջբերենք մի քանիսը.
-(լրագ.) Ո՞ր դրվագից սկսենք, պարո°ն Դարբինյան: Ուզո՞ւմ եք, վերջին դեպքից սկսենք:
-(Վ. Դ.) Չէ, սկզբից սկսենք, որ հասկանալի ըլի… Նու, ես ասեմ, որ ես սկզբից` մի 2-3 ամիս առաջ տեղեկացված էի, իմ ընկերներից էդ համակարգում աշխատող, զգուշացրեցին, որ զգույշ մնա, թիրախի տակ ես հայտնվել…
…
-Նախկինում էլ է՞ր եղել, պարո°ն Դարբինյան, որ Ձեզ կանչեին, պահանջ դնեին:
-Մինչև էս պահը 3 տարի առաջ էղել ա: Էլի սենց, առանց որևէ առիթի հանձնարարել էին ոստիկանությանը, բոլոր երթուղի ունեցող կազմակերպությունների տնօրեններին կանչում էին, ինչ-որ գումարներ վերցնում, պահանջում, ինձ նույն ձևի կանչեցին: Ասի, որ տղայիս կազմակերպությունն ա…
-Ձեր տղայի անունո՞վ է կազմակերպությունը:
-Այո°: ՍՊԸ ա: Հիմնադիրը տղաս ա:
-Կասեք ՍՊԸ-ի անվանումը:
-«Դիկտիս» ԱՊԸ:
-Դիկ…
-Դիկտիս:
-Դ, Ի…
-Կ, Տ, Ի, Ս:
-Ի՞նչ գործունեություն է իրականացնում:
-Նախկինում սկսել ա 7 աշխատատեղից, ավտոկանգառի գործունեություն, հետո երթուղի սպասարկելու, հասարակական տրանսպորտի գործունեություն, հիմա էլ ավելացել ա տաքսի ծառայություն մատուցելու գործունեություն:
-Քանի՞ տարի է, գործում է:
-2004 թվականից է գործունեություն ծավալում:
-Այն ժամանակ, որ կանչել պահանջ դրել, էլի ՍՊԸ-ի՞ համար:
-Հա: Կանչել էին, հետո ես հրաժարվեցի, ասեցի` դուք ինչ ա, ստուգո՞ւմ եք, իրավունք չունեք, ես թույլ չեմ տալիս, ոչ մի փաստաթուղթ ձեզ չեմ տրամադրելու: Հրաժարվեցի, իրանք էլ…անօրինական վարորդներին կանչեցին բացատրություն վերցրեցին:
…
-2-3 ամիս առաջ զգուշացրին, որ թիրախում եք, հետո՞:
-Զգուշացրին, որ թիրախում եմ: Ուշադրություն չդարձրի… հետո էդ ընթացքում էղավ ավտովթարի դեպքը, որը հարաբերություններ սրեց:
…
-Ե՞րբ էր ավտովթարը, կհիշեցնե՞ք:
-Ապրիլի 18-ին: Իմ մեքենաները ըտեղ` էդ կանգառում կանգնած են էղել:
-Երկուսն էին, չէ՞, կարծեմ, Ձեր տաքսին ինչպե՞ս է կոչվում:
-«Էլիտար» տաքսի ծառայություն, բայց գործունեությունը «Դիկտիս» ՍՊԸ-ով ա:
-Ինչ մակնիշի՞ մեքենաներ են:
-ՙՆիսան սանի՚:
-(Վ.Դ.) Մի հատ ուրիշ խնդիր էլ կա` ինչի համար են կազմակերպության վրա սկսել աշխատել, ու թիրախը վերջում էլ ես եմ. մի դրվագ էլ մոռացա:
-Ասեք…
…
-(լրագ.) Ու կոնկրետանանք վերջին դեպքի վրա:
…
-(Վ.Դ.) Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ իրենք կանչել են էդ անձին…
-Ո՞վ է այդ անձը:
-Էդ անձը` Գագիկ Ղազարյանը, նախկինում իմ մոտ վարորդ ա աշխատել: Երեկ զանգել ա Էդիկ Քեշիշյանին` դիսպետչերին, թե Իսպիրյանն ասել ա, որ վաղը, ոչինչ, գործի բերումով մի 2 ամսով կկալանավորենք, բայց հետո, մի վախալ, բաց կթողանք: Դրանից եմ բան անում, որ նախօրոք պայմանավորվածություն ունեն, որ նրան դրդել են, որ դու էս արա, հետո կգրես, նրանց վրա կսարքենք:
-Ինչի՞ համար:
-Որ ինձ պատժեն:
-Իսկ կարո՞ղ է Գագիկ Ղազարյանը խոսի ու ճշմարտությունը պատմի: Լավ կլինի, որ պատմի եղելությունը, մամուլով էլ որ հրապարակումը լինի…
… և այլն ….
Վ. Դարբինյանը դրվագ առ դրվագ պատմել է «Հետքին» որդու ձերբակալման, դրա համար առիթ դարձած` իր նախկին վարորդի հետ կռվի և դրան նախորդած` մարզի իրավապահների հետ այլ առնչությունների մասին: Ինքն էլ իրադարձությունների միջև պատճառներ ու պատճառահետևանքային կապեր է մատնանշել: Նախ` կասկած է հայտնել, որ նախկին վարորդի հետ կռվի դեպքը եղել է հրահրված: Կասկածը հիմնավորում էր նրանով, որ կռվի ժամանակ վարորդը հարբած է եղել, իսկ խմել սկսել է նախորդ օրվանից, իր տեղեկություններով, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գ. Իսպիրյանին պատկանող բենզալցակայանում, ում հետ Վ. Դարբինյանը, իր ասելով, նկարիչ Կապոյի ավտովթարից հետո չլուծված ֆինանսական հարցեր ունի:
Վ. Դարբինյանը խնդիրներ է ունեցել նաև մարզի դատախազի օգնականի եղբոր հետ: Վերջինս նախկին վարորդի հետ նախազգուշացվել է Դարբինյանների կողմից, որ հոկտեմբերից իր երթուղային տաքսին այլևս չի շահագործվելու նրանց երթուղում: Վ. Դարբինյանը դա նույնպես առիթ էր համարում կռիվ հրահրելու և որդուն ձերբակալելով` իրեն «պատժելու» համար:
Ավելի հետ գնալով` Վ. Դարբինյանը պատմել է, որ նախազգուշացված է եղել «ցուցակում» հայտնվելու մասին:
Ապա իր օրինակով ներկայացրել է, թե ինպես են մարզի իրավապահ «ամենաբարձր պաշտոնյաները» միջին պաշտոնյաներին, միջին բիզնեսմեններին ու գործարարներին ֆինանսական կախման մեջ գցում իրենցից, և ինչպես են պատժվում «չվճարողները». նրան պատկանող ավտոկանգառում դատախազի ցուցումով ստուգումներ են իրականացվել, ինչը նույնպես, նրա կարծիքով, իրեն «պատժելու» նպատակով է եղել:
Վ. Դարբինյանի հաղորդած այս և այլ տեղեկությունների հիման վրա «Հետքը» որոշակի հետաքննություն է կատարել, որի վերաբերյալ հրապարակումներ կլինեն նաև առաջիկայում:
Հետաքննության արդյունքում
Վ. Դարբինյանի հետ հարցազրույցի հաջորդ օրն իսկ «Հետքը» հանդիպեց և զրուցեց նրան պատկանող ավտոկանգառի հսկիչների հետ: Պարզ է` հսկիչները համաձայնել էին հանդիպել լրագրողի հետ Վ. Դարբինյանի «թույլտվությամբ» (նրանց հետ զրույցի ձայնագրությունները նույնպես պահվում են): Հսկիչները պատմեցին, որ իրենց ոստիկանության բաժին են տարել և պարտադիր բացատրություն վերցրել:
Հետաքննիչի կողմից նրանց տրվել էին հարցեր ոչ թե ավտոմեքենաների կայանման համար գանձվող գումարների, այլ ուղղակիորեն ընկերության գործունեության վերաբերյալ:
«Հետքը» փորձեց այդ կապակցությամբ պարզաբանում ստանալ ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանից: Վերջինս հաստատեց, որ Վ. Դարբինյանին պատկանող ավտոկանգառում ստուգումներ են իրականացվել դատախազի հանձնարարությամբ: Ի զարմանս լրագրողի` ոստիկանապետը չհերքեց, որ հսկիչներից պարտադիր բացատրություն է վերցվել: Ս. Ավետիսյանը հաստատեց նաև, որ Վ. Դարբինյանների և նրանց նախկին վարորդի միջև կռվի դեպքի կապակցությամբ վարորդի մայրը նախ իր մոտ է բերվել, ապա իր կողմից հարցաքննվելուց հետո ուղարկվել է դեպքի առթիվ հայտարություն տալու: (Դարբինյանների հետ կռիվ հրահրած և կռվի ընթացքում, կողմերի ասելով, սայթաքելու հետևանքով վնասվածք ստացած վարորդը «Հետքին» հայտնել էր, որ բողոք չունի, ոստիկանությունում հաղորդում տվողն էլ մայրն է եղել: Վերջինս էլ խոստովանել էր, որ վախից դրդված է հետևել ոստիկաններին, որոնք եկել էին իրեն բաժին տանելու):
Չնայած «Հետքի» համառ հարցումներին` ոստիկանապետն այդպես էլ չհիմնավորեց իրավապահ մարմնի կողմից «պարտադիր» բացատրություն վերցնելու կամ ավտոկանգառի գործունեության վերաբերյալ ստուգում իրականացնելու օրինականությունը: Միայն ասաց, որ ոստիկանությունը «տնտեսականով» էլ է զբաղվում:
«Հետքը» փորձեց պարզաբանումներ ստանալ մարզի դատախազից: Վերջինս արձակուրդում էր: Նրա պաշտոնակատարը մերժեց լրագրողի խնդրանքը` ծանոթանալ ավտոկանգառի վերաբերյալ բնակիչների բողոքներին:
Այնուհետև «Հետքի» հոդվածների հետքերով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)` մի քանի հարցում է ուղարկել մարզի դատախազին նույն հարցադրումներով` կոնկրետ ի՞նչ ձևով է արտահայտվել քաղաքացիների դժգոհությունը ավտոկանգառի վերաբերյալ (կազմակերպությունը խնդրել է տրամադրել նաև բողոքների պատճենները), իրավական ո՞ր նորմով է սահմանվում դատախազի` ոստիկանապետին տրված ցուցումը` ավտոկանգառում ստուգումներ կատարելու վերաբերյալ:
Քաղաքացիների բողոքների վերաբերյալ դատախազը տվել է ընդհանրական պատասխան` պարզաբանելով ընդհանրապես քաղաքացիներից դատախազություն բողոքների ստացման կարգը. «Դատախազություն քաղաքացիներից դժգոհություններ, բողոքներ, տեղեկություններ կամ հաղորդումներ ստացվում են ընդունելությունների, հանդիպումների, հեռախոսազանգերի և այլ շատ տարբեր դեպքերում ու եղանակով, որոնք լինում են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր»,-նշել է Կարեն Շահբազյանը:
Իր կողմից ոստիկանապետին տրված հրահանգը հիմնավորել է ՀՀ Քր. դատ. օր.-ի 176-րդ հոդվածի 3-րդ մասով` հղում կատարելով դատախազի` օրենքով սահմանված լիազորություններին. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով դատախազը իր լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հետևանքների, նյութական հետքերի հայտնաբերման դեպքում պարտավոր է ստուգել դրանք, իսկ հիշյալ առիթները հիմնավորելու դեպքում հարուցել քրեական գործ»:
Սակայն, ինչպես ՀՔԱՎ-ն է նկատում, տվյալ նորմը չի հիմնավորում դատախազի կողմից ոստիկանապետին տրված ցուցումը: Տվյալ դեպքում նշված նորմը կիրառելի չէ, քանի որ դատախազն ընդամենը թվարկել է քրեական գործ հարուցելու առիթները:
Ըստ էության, չստանալով իր հարցերի պատասխանը, ՀՔԱՎ-ը նոր հարցում է ուղարկել դատախազին` կրկնելով արդեն մի քանի անգամ արված հարցադրումները` ի՞նչ ձևով է արտահայտվել բնակիչների բողոքը ավտոկանգառի վերաբերյալ (խնդրել է պատճենները), և օրենքի ո՞ր դրույթով է հիմնավորվում դատախազի կողմից ոստիկանապետին տրված ցուցումը:
Հետաքիքիր է, որ դատախազը, ըստ իր մատնանշած նորմի, «քրեական գործ հարուցելու» տեսանկյունից է հիմնավորել Վ. Դարբինյանի ավտոկանգառում իրականացված ստուգումը, իսկ ոստիկանապետը նշում էր, որ չարաշահումներ հայտնաբերելու դեպքում գործը կուղարկվի հարկային մարմնին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել