
Իրավապահներն առայժմ լռում են, իսկ ինֆորմացիոն վակուումը լցվում է զանազան լուրերով
Այսօր առավոտվանից տարբեր լուրեր են տարածվում Մյասնիկյան պողոտայում հանցավոր խմբի վնասազերծման գործողության, դրա ժամանակ ձերբակալված եւ մահացած անձանց մասին: Բանը հասել է նրան, որ լրատվամիջոցներում տարածվել են պաշտոնատար անձանց որդիների ներգրավվածության մասին լուրեր, իսկ այդ պաշտոնյաները առավոտից զբաղված են այդ տեղեկությունները անձամբ հերքելով: Արդեն հայտարարվել է նաեւ «զրպարտություն» (ՀՔԾ-ի որակումն է ՀՔԾ պետի որդու մասնակցության ինֆորմացիայի վերաբերյալ) տարածած լրատվամիջոցին դատի տալու մասին հաղորդագրություն:
Այս ամենը, սակայն, ոչ միայն որոշ լրատվամիջոցների՝ անմեղության կանխավարկածը խախտելու անզգուշության, այլեւ իրավապահների որդեգրած աշխատաոճի արդյունքն է: Երբ չկա պաշտոնական քիչ թե շատ վստահելի տեղեկություն, լրատվական դաշտը, հղում անելով իր հավաստի ու ոչ հավաստի աղբյուրներին, տարածում է զանազան լուրեր, որոնք թյուրիմացության մեջ են գցում քաղաքացիներին:
Նման դեպքերում ոստիկանությունը, դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները հնարավորինս շուտ պետք է լրացնեն ինֆորմացիոն վակուումը՝ այն ապատեղեկատվությամբ չլցնելու համար: Այնինչ մեզանում լինում է այնպես, ինչպես միշտ: Միայն խառնիճաղանջ լուրերի տարածումից հետո են իրավապահները սկսում հերքման կամ պարզաբանման տեսքով հաղորդագրություններ տարածել՝ չհասկանալով, որ այս ամենի պատճառը նախեւառաջ իրենք են:
Այդուհանդերձ, քիչ առաջ ոստիկանությունից «Հետքին» հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ պատրաստվում է պաշտոնական հաղորդագրություն, որը պատրաստ կլինի մոտ կես ժամից:
Մեկնաբանել