
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հայցի քննությունը: Նախորդ նիստի ժամանակ մեղադրող-դատախազ Ա. Երիցյանը հայտարարել էր, որ քննիչ Գագիկ Մարգարյանը ֆոտոլրագրող Շամշյանին ոչ թե հարվածել, այլ պարզապես հրել էր:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին գլխավոր դատախազության մուտքի մոտ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծելու փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել էր քրեական գործ` «Ծեծ» և «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու» մեղադրանքով: Սակայն քննիչ Գարիկ Բեգոյանի որոշմամբ բռնարարքը կատարած Գագիկ Մարգարյանի (ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչ, որը գործուղվել էր Հատուկ քննչական ծառայություն) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` նրա արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Փոխարենը մեղադրանք է առաջադրվել Գ. Շամշյանին` «Սուտ մատնության» համար:
Ֆոտոլրագրող Շամշյանը Կենտրոնի դատարանում վիճարկում է քննիչի հիշյալ որոշումը: Նախորդ նիստի ընթացքում, դատախազ Երիցյանի «հրելու» վերաբերյալ հայտարարությունից հետո Գ. Շամշյանը միջնորդել էր դատարանում հետազոտել միջադեպը ներկայացնող
տեսանյութը, որը տեսագրել են գլխավոր դատախազության մուտքի մոտ տեղադրված տեսախցիկները: Չնայած դատախազի առարկությանը` միջնորդությունը բավարարվել էր:
Այսօրվա նիստում տեսանյութի հետազոտումից հետո մեղադրող Ա. Երիցյանը, ի տարբերություն նախորդ հայտարարության, ասաց, թե իրականում ֆոտոլրագրող Շամշյանն է ձեռքերով հարվածել քննիչ Գագիկ Մարգարյանին, վերջինս էլ ինքնապաշտպանության բնազդով պայուսակը բարձրացրել է, որը դիպել է ֆոտոլրագրողի ուսին:
«Այդ դեպքում ինձ պետք է մեղադրանք առաջադրեիք ոչ թե սուտ մատնության, այլ բռնություն գործադրելու համար»,- նկատեց Գ. Շամշյանը, ինչին ի պատասխան դատախազն ասաց` «սխալ են արել, որ դրա համար մեղադրանք չեն առաջադրել: Բայց հիմա մենք այլ հարց ենք քննարկում»:
Շամշյանը միջնորդեց դատարան հրավիրել այն փորձագետին, որը տեսանյութի ուսումնասիրությունից եզրակացրել էր, թե քննիչն իրեն պարզապես հրել է: Մյուս կողմից նա խնդրեց դատարան հրավիրել նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, նրա մամլո խոսնակ Սոնա Տռուզյանին, լրագրողներ Թագուհի Թովմասյանին («Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ) եւ Ռուզաննա Ստեփանյանին («Ազատություն» ռադիոկայան): Ըստ նրա` վերջիններիս քննիչը չի հարցաքննել, մինչդեռ նրանք տեսել են հարված ստանալու արդյունքում իր կարմրած ականջը եւ այդ մասին կարող են դատարանում վկայել:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում Գ. Շամշյանի մոտ ախտորոշվել էր ականջաթաղանթի արյունազեղում, ինչի վերաբերյալ բժիշկը տվել էր եզրակացություն: Սակայն «Հետքի» հետ զրույցում ֆոտոլրագրողը նշեց, թե այդ եզրակացությունը գործի նյութերից բացակայում է: Բացի դրանից, իրեն մեղադրում են կեղծ ապացույցներ, մասնավորապես բժշկական տեղականք ներկայացնելու մեջ:
Դատավորը Շամշյանի երկու միջնորդություններն էլ մերժեց` նշելով, որ վիճարկվողը քննիչի որոշումն է, իսկ հայցվոր Շամշյանի միջնորդած անձանց հրավիրելով, ըստ էության, պետք է իրականացվի նախաքննություն, որը դատարանի խնդիրը չէ:
«Ժողովրդական մի խոսք կա` «շունը շան թաթ չի կծի»: Հավանաբար, Կենտրոնի ոստիկանության քննիչը (Գարիկ Բեգոյան) չէր պատժի իր կոլեգային (Գագիկ Մարգարյանին),- ասում է ֆոտոլրագրող Շամշյանը եւ հավելու,- ամենակոպիտ խախտումներից մեկն էլ այն է, որ ոստիկանության քննիչի գործն իրավունք չունի քննել ոստիկանությունը: Դա պետք է աներ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): Բայց քանի որ տվյալ անձը (Գագիկ Մարգարյանը) գործուղված էր ՀՔԾ, այդ գործը պետք է քններ ԱԱԾ-ի քննչական վարչությունը»:
Դատավոր Ներսիսյանն այսօրվա նիստից հետո հեռացավ խորհրդակցական սենյակ` դատական ակտ կայացնելու: Այն կհրապարակվի օգոստոսի 17-ին: Շամշյանն էլ վստահ է, որ իր բողոքը թողնվելու է անհետեւանք: Բայց նա վճռական է եւ շեշտում է, որ անպայման դիմելու է նաեւ վերաքննիչ դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել