
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների բողոքի քննությունը` ընդդեմ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի: Տուժածներից ոչ մեկ չէր ներկայացրել դատարան, փոխարենը դատավոր Մհեր Աղրամանյանը ներկայացրեց Դ.Ա.-ի եւ նրա մոր դիմումը, համաձայն որի` նրանք հրաժարվում են իրենց բողոքից:
Դիմումում նշված էր, որ փաստաբան Ավագ Լալայանը, առանց իր վստահորդ Դ.Ա.-ի հետ համաձայնեցնելու, բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Փաստաբանը դատարանում հայտարարեց, որ Դ.Ա.-ն իր ներկայությամբ է լիազորագիր գրել եւ ինքը համոզվել է, որ աղջկը բավականաչափ գրագետ չէ նման դիմումներ գրելու համար:
Բացի այդ` փաստաբանները տեղեկություն ունեին, որ դատական նիստից օրեր առաջ Դ.Ա.-ին կանչել են Երեւան քաղաքի քննչական վարչություն: «Եթե Դ.Ա.-ն ցանկանում էր հետ վերցնել իր բողոքը, նա կարող էր ինձ դիմել եւ ոչ թե դիմում ներկայացնել դատարան»,- հայտարարեց Ավագ Լալայանը:
Նախագահող դատավոր Մհեր Աղրամանյանը իր հերթին «արդարացավ»` ասելով, թե ինքն անձամբ ծանոթ չէ ոչ Դ.Ա.-ի, ոչ էլ նրա մոր հետ եւ որ նրանք ինքնուրույն են մուտք արել դիմումը դատարանի գրասենյակ:
Դատավորները անընդհատ ընդհատում էին փաստաբաններին` թույլ չտալով նրանց ավարտել հայտարարությունները: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ստիպված եղավ բղավել դահլիճում, որ իրենց իրավունքները խախտվում են հենց դատարանում:
Իսկ երբ նիստը հետաձգելու կապակցությամբ դատարանը չհարցրեց փաստաբանների կարծիքը` վերջիններս հայտարարեցին, որ պատրաստվում են լքել դատարանի դահլիճը, սակայն նախագահող դատավորը հասցրեց նիստը հետաձգել անորոշ ժամանակահատվածով:
Իսկ հեռաձգման պատճառը ամբաստանյան Լեւոն Ավագյանի պաշտպանի եւ տուժող Հ.Ս.-ի բացակայությունն էր: Դատարանը ցանկություն հայտնեց լսել նաեւ Հ.Ս.-ի դիրքորոշումը բողոքի վերաբերյալ:
Փաստաբաններն այնպիսի տպավորություն էին ստացել, որ դատարանը պարզապես չի ցանկանում քննել բողոքը: Նրանք նշում էին, որ դատարանն ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունք էր ցուցաբերում իրենց նկատմամբ:
Նիստին մասնակցում էր նաեւ Երեւանի դատախազության ավագ դատախազ Արթուր Երիցյանը, որին հարցրեցինք, թե ինչու ընթացք չի տալիս փաստաբանի հայտարարությանը, թե Դ.Ա.-ին դատական նիստից առաջ կանչել են քննչական բաժին, որից հետո աղջիկը հրաժարվել է իր բողոքից:
«Ես կասկածներ չունեմ էդ դիմումի վերաբերյալ, փաստաբանի ասածը արժանահավատ չի, ինքը թող հիմքեր բերի դրա վերաբերյալ»,- ասաց դատախազը:
Հիշեցնենք, որ Դ.Ա.-ի, Հ.Ս.-ի եւ հատուկ դպրոցի այլ սաների ցուցմունքների հիման վրա հայոց լեզվի եւ գրականության նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «բռնությամբ ուղեկցվող անառակաբարո գործողություններ» կատարելու մեղադրանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել