
Գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանն արժանացել է ֆրանսիական կառավարության բարձր պարգևին` «Արվեստների և գրականության սպայի» (Officier de l'Ordre des Arts et des Lettres) շքանշանին:
Ինչպես Անդրե Մալրոն կասեր, «կերպարվեստագետների, գրողների և ստեղծագործողների կողմից հարգված ու տենչված» այս շքանշանը շնորհվում է նշանակալի վաստակ ունեցող գրողներին ու արվեստի գործիչներին և հիմնվել է 1957 թ.: Արտասահմանյան գործիչներին շնորհելու դեպքում հաշվի է առնվում, անշուշտ, նաև նրանց մատուցած ծառայությունները ֆրանսիական մշակույթին:
Այս շքանշանը երեք աստիճան ունի` ասպետ, սպա և կոմանդոր, և շնորհվում է ըստ հերթականության, փոքրից դեպի մեծը: Ալեքսանդր Թոփչյանի դեպքում բացառություն է արվել և նրան միանգամից շնորհվել է Սպայի աստիճանը: Դժվար չէ կռահել, որ նման որոշում ընդունելուն մեծապես նպաստել է հայ գրողի առավել քան ծանրակշիռ վաստակը` ֆրանսիական մշակույթի տարածման գործում: Բավական է հիշել միայն նրա թարգմանությամբ հայերեն լույս տեսած ֆրանսիացի հեղինակների վաթսունհինգ գրքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել