
«Եռագույն դրոշը սրանց վրա ազդում է այնպես, ինչպես կարմիր լաթը` ցլի վրա»,- Լեւոն Բարսեղյան
Այսօր առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկանները Սարյանի արձանի մոտից բերման են ենթարկել «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, լրագրող Լեւոն Բարսեղյանին եւ ակտիվիստ Առնո Քուռին: Մոտ 3 ժամ Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում պահվելուց եւ տոնական շքերթի ավարտից հետո` բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, սակայն ոստիկանությունն արձանագրություն չի կազմել` բերման ենթարկելու մասին: «Հետքի» հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը նշեց, որ պատասխանատվություն են պահանջելու ոստիկանների ապօրինի գործողությունների համար.
-Մեզ արձակելուց հետո նրանք նշեցին, որ ոչ մի բերման ենթարկել էլ չի եղել, մենք ձեզ հրավիրել ենք զրույցի: Ես համոզված եմ, որ նրանց գործողություններն ապօրինի էին, այդ պատճառով էլ արձանագրություն կազմել չեն կարող: Մարդուն բռնի կերպով զրույցի հրավիրո՞ւմ են, տեսե՞լ եք այդպիսի բան: Նույնիսկ հաղորդագրություն են տարածել, թե իրենք բերման չեն ենթարկել մեզ:
-Ակցիայի ժամանակ ակտիվիստները նշում են, որ ոստիկանության Կենտրոն բաժնի ոստիկաններից մեկը մոտեցել եւ խոսել է Ձեզ հետ. ի՞նչ էր ասում:
-Հենց սկզբում, երբ Սարյանի արձանի մոտ մի քանի հոգով կանգնած էինք, ինքը մոտեցավ, հարցրեց` որն է ակցիայի նպատակը: Ես բացատրեցի: Ասաց` լավ կլինի` չանեք: Պատասխանեցի, որ դա ձեր իրավունքը չէ, դա մեր սահմանադրական իրավունքն է: Ասաց` մենք թույլ չենք տալու, ասացի, որ դուք ձեր հրամանները կատարեք, մենք էլ մեր սահմանադրական իրավունքից օգտվելու ենք:
Մի քիչ հեռու կանգնեց: 10-15 րոպեի ընթացքում թղթի վրա պաստառներ սարքեցինք` «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստան չէ», «Ոչ օտար դրոշներին» կարգախոսներով: Իրենց վերեւների հրամանով` եկան փոխգնդապետներ, մայորներ, սկսեցին խլել մեր պաստառները:
Երկրորդ անգամ մոտեցան ինձ, կարծեմ փոխգնդապետ Պողոսյանը, ասաց` հենց արձանի մոտից երթ սկսեք, մենք ձեզ բերման ենք ենթարկելու: Ինքը, երբ մի փոքր հեռացավ, ես լրագրողներին ու մասնակիցներին պատմեցի, թե ինչ ասաց ինձ: Դրանից հետո սկսեցինք մեր ակցիան. ընդամենը պարզել ենք եռագույն դրոշը եւ վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան»` քայլելով դեպի Մաշտոցի պողոտա: «Տղամարդիկ» արձանի մոտից ոստիկանները մեր թեւերն ընկան, քաշելով տարան, ոստիկանական պատրիոտ մեքենան նստեցրին, մեր երկու կողմերում էլ երկու փոխգնդապետ նստեցին, իսկ ղեկին` Կենտրոն բաժնի ոստիկանության պետի տեղակալն էր: Ճանապարհին ոստիկաններից մեկն ինձ ասաց` մեզնից վերեւում կան մարդիկ, ովքեր գտել են, որ ճիշտ չի լինի ակցիան այսօր անցկացնել: Ես էլ ասացի` իմ ու քո տարբերությունն այն է, որ այդ մարդիկ քո վերադասն են, իմ վերադասը չեն:
-Իսկ ոստիկանության բաժանմունքում ի՞նչ են հարցրել ձեզ:
-Փորձեցին մի քանի հարց տալ. մենք անուն-ազգանունից եւ ծննդյան տվյալներից բացի ուրիշ ոչինչ չասացինք` մինչ փաստաբան չգար: Մեզ տեղափոխեցին մի սենյակ, որտեղ հեռուստացույց կար եւ նայեցինք շքերթը, մասնավորապես այն խայտառակ դրվագը, թե ինչպես է պաշտպանության նախարարը ռուսերենով ողջունում ռուսական զորքին: Ամբողջ շքերթը նայել-ավարտելուց հետո` մեզ դուրս թողեցին: Այդ ընթացքում փաստաբան է եկել, բայց նրան ներս չեն թողել` արդարացում գտնելով, թե քանի որ բերման չենք ենթարկել, փաստաբանի կարիք չկա: Բայց մեզ չէին թողնում դուրս գալ այնտեղից:
-Այսօրվա դեպքի հետ կապված պատրաստվո՞ւմ եք ինչ-որ քայլեր ձեռնարկել:
-Այո, դատարան ենք դիմելու` հանցագործության դեմ, բայց թե կոնկրետ ինչ, առայժմ չասեմ: Կար տարբերակ, որ հենց իրենց մոտ այսօր հանցագործության մասին հաղորդում տայի, բայց որոշեցինք, որ ավելի լավ է` դիմենք դատարան:
Հասկանո՞ւմ եք, իրենք փոխգնդապետներ են, իրենց հանձնարարել են ամեն գնով խափանել այդ երթը, որ հետագայում գնդապետի կոչում ստանան: Բայց չպիտի մոռանան, որ եռագույնն իրենց վրա ազդում է այնպես, ինչպես կարմիր լաթը` ցլերի վրա: Մենք ընդամենը վանկարկել ենք «Ազատ, անկախ Հայաստան», ինչը սրանց հիստերիայի եւ հոգեկան տվայտանքների մեջ է գցել: Հիվանդ են… էս պետությունը ավարտվել է: 3-րդ հանրապետությունը սպառել է իրեն:
Հ. Գ. Այս ամենի մասին ոստիկանության տարածած հաղորդագրությունը հետեւյալն է. « Այսօր առավոտյան Երեւանում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել` կապված Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի հետ:
Ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, եւ որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել