
Տեր-Պողոսյանի գործով տուժողներից մեկը կալանավորվել է. նա խուսափել է բանակից
Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնում «Հետքին» տեղեկացրին, որ որ Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, Ամերիկայի քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննության փուլում գտնվող մանկապղծության գործով տուժողներից մեկը, ով խուսափել է զինծառայությունից և գտնվել է հետախուզման մեջ, ձերբակվել է ոստիկանության կողմից:
Նա սեպտեմբերի 20-ին տեղափոխվել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ, որտեղ ներկայումս գտնվում է նաև Սերոբ Տեր-Պողոսյանը: ՀՀ Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդոլֆ Ստեփանյանը հայտնեց, որ ձերբակալվածը զինծառայությունից խուսափել է առանց օրենքով սահմանված կարգով ազատված լինելու, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր.օր.-ի 327 հոդվածի առաջին մասով: Զինծառայությունից խուսափողին կալանքի վերցնելու համար քննիչը դիմել է դատարան: Միջնորդությունը քննարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում, և հետախուզվողի նկատմամբ դատարանի վճռով երկու ամսով կալանքի վճիռ է կայացվել, որից հետո սեպտեմբերի 20-ին նա տեղափոխվել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ:
«Երկու ամսվա ընթացքում, գուցե նաև ավելի վաղ, եթե անձը ցանկություն է հայտնում բանակ մեկնելու, նրա վերաբերյալ քրեական գործը կարճվում է: Որպես հետախուզվողի մենք ենք նրան հայտնաբերել, եթե ինքը կամովին ներկայանար և մեկներ բանակ, կալանավորելու խնդիր չէր առաջանա»,- ասաց Թումանյանի քննչական բաժնի պետը, ով «Հետքից» տեղեկացավ զինծառայությունից խուսափողի՝ նաև Սերոբ Տեր-Պողոսյանի գործով տուժող լինելու մասին:
«Քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանի քր. գործը մեր վարույթում չի եղել, ես տեղյակ չեմ եղել նրա տուժող լինելու փաստին: Տեղեկանալուց հետո այժմ ես պաշտոնական գրություն կուղարկեմ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին` տուժողի մեկուսացվածությունը ապահովելու համար»,- ասաց Ռուդոլֆ Ստեփանյանը: Քրեակատարողական հիմնարկում տուժողի մեկուսացվածության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով սեպտեմբերի 21-ին մեր հեռախոսազանգին Վանաձորի քրեակատարողական հիմնարկի հերթապահ Սամվել Աբովյանը պատասխանեց. «Կալանավորի մեկուսացումը ապահովված է, սակայն Ձեզ այլ տեղեկություններ չեմ կարող հայտնել, որովհետև իրավունք չունեմ»: Քրեակատարողական հիմնարկի ղեկավար Արտյոմ Մխոյանի հեռախոսահամարը մեզ փոխանցելու խնդրանքին Սամվել Աբովյանը պատասխանեց, որ այդ իրավունքը նույնպես չունի:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել