
Եթե Ջաղացաձորում խմելու ջուր լիներ
Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան
15-ամյա Անժելան վերցնում է դույլը եւ հարեւանի դստեր` 5-ամյա Անգելինայի հետ գնում ջուր բերելու: Բարձրանում են զառիվերով, հետո` նեղլիկ արահետով, այնուհետեւ` աստիճաններով, մինչեւ հասնում են ջրհորին: «Այնքան ենք գնում, մինչեւ հասնում ենք, հոգնում ենք»,- ճանապարհին նեղսրտում է Անժելան:
Գեղարքունիքի մարզի հեռավոր Ջաղացաձորում խմելու ջրի միայն մեկ ջրհոր կա, որտեղից օգտվում է ամբողջ գյուղը: Խմելու ջուրը Մեժլումյաններն ամեն օր այդ ջրհորից են բերում, իսկ ջրհորի «տերերը» նեղվում են, որ ամեն օր իրենց դռնից գյուղացիները ջուր են տանում: «Չեն ուզում, էլի, որ գնաս ամեն օր իրենց դռնից ջուր բերես: Դե էլի որ ասում են մի եկեք, էլի գնում ենք»,- ասում է Անժելայի տատը` Սվետա Մեժլումյանը:
Որպեսզի հարեւանին նեղություն չտան, Մեժլումյանները երբեմն ջրամանները «կաթի մեքենային» են տալիս, որ իրենց համար մարզկենտրոնից ջուր բերի, իսկ լվացք անելու համար գետից են վերցնում: Ավտոմեքենա ունեցողները ցիստեռնով են ջուրը տանում, մի մասը` ոտքով կամ ավանակի վրա բարձելով:
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի գյուղերով անցնելիս Ջաղացաձորը (նախկինում` Սարիյաղուբ) հազիվ է նշմարվում: Հեռվից այն անմարդաբնակ է թվում, իսկ ձմռանը Ջաղացաձորը ձյունածածկ լեռների մեջ «կորչում» է: Միայն ծխնելույզներից բարձրացող ծուխն է հուշում, որ այնտեղ մարդիկ են ապրում:
Գյուղը 127 բնակիչ ունի, հիմնականում` փախստականներ, 22 աշակերտ եւ այս տարի միայն 1 առաջին դասարանցի: Գյուղում նորակառույց տներ կամ շինություններ չկան, ջաղացաձորցիներն իրենց տներն էլ չեն կարողանում վերանորոգել, ինչպես բնակեցման ժամանակ էին, այդպես էլ մնացել են, ոչինչ չեն ավելացրել: Ձաղացաձորի գյուղապետարանի քարտուղար Գագիկ Մարտոյանն ասում է, որ գյուղից 1990-ականներին արտագաղթ եղել է, բայց վերջին տարիներին հոսք չկա. գնացողներն արդեն գնացել են, իսկ մնացողները չեն գնում, որովհետեւ հնարավորություն չունեն:
Թեեւ ջաղացաձորցիներն ասում են, որ գյուղի խնդիրները շատ են` գազ չկա, մշակույթի տան մասին երազում են, աշխատանք չկա, բայց ամենակարեւորը խմելու ջուրն է: «Գյուղի պրոբլեմները շատ են, բայց որ միայն ջրի խնդիրը լուծվի, գյուղի վիճակը կբարելավվի»,- հավելում է Անժելայի մայրը` Մանուշակ Մեժլումյանը:
Ձաղացաձորի խմելաջրի ակունքը գտնվում է Վերին Շորժա համայնքի տարածքում` սարի ստորոտում: Այնտեղից են սնվում Վերին Շորժան, Այրքը, Գեղամաբակը եւ Ձաղացաձորը: Ձաղացաձորի գյուղապետարանի քարտուղարն ասում է, որ ակունքից եկող խողովակները մոտ 40 տարվա վաղեմություն ունեն, վթարված են, դրա համար ջուրը գյուղ չի հասնում: Երկու շաբաթ առաջ գյուղապետը կազմակերպել է եւ գյուղացիներով բարձրացել են սար` վթարների հետեւանքները վերացնելու, վթարային տեղերում «փաթաթաններ ու կարկատաններ» արել, որ ջուրը գյուղ բարձրանա, բայց ապարդյուն: Գագիկ Մարտոյանն ասում է, որ 800 մ հատված պետք է վերանորոգվի: Դիմել են տարբեր կազմակերպությունների, այդ թվում` մարզպետարան, Կառավարություն, որ ինչ-որ ծրագրով գոնե ջրագիծ անցկացնեն:
«Մի քանի անգամ դիմել ենք մարզպետարան, տարբեր կազմակերպությունների: Ասել են, որ ծրագիր պիտի իրականացվի, ուժի մեջ է, բայց թե երբ են անելու` չգիտենք: Սպասենք, տեսնենք աշնանն ինչ է լինելու»,- հույս է հայտնում Գ. Մարտոյանը:
Ջաղացաձորում ոռոգման ջուր էլ չկա: Մի քանի անգամ համագյուղացիներով մաքրել են գյուղի ջրատար առուները, որպեսզի ջուրը հասնի գյուղ, սակայն անօգուտ: Գյուղացին կամ հող չի մշակում, իսկ մշակողներն էլ սերմացուն հողի մեջ են գցում Աստծո հույսով. եթե տարին անձրեւոտ լինի, կօգտվեն, եթե ոչ, ապա բերք ակնկալելն անհնար է: Գետից ներքեւ ապրողներն իրենց բանջարանոցները ջրում են գետի ջրով, իսկ գետից վերեւ ապրող բնակիչները` մոտ 10 ընտանիք, ցանածից բերք չի ստանում:
«200 դրամով կարտոշկա ենք առել ցանել, բայց խոզի կեր ենք հանել: Ստիպված պիտի առնենք: Գյուղ տեղ ենք ապրում, կարտոլ էլ չունենք, սաղ ձմեռ կարտոլ ենք առնում: Քաղաքացու նման ամեն ինչը առնում ենք»,- ասում է Մանուշակ Մեժլումյանը:
Գյուղում խորքային հորեր էլ չկան, որ պոմպերի միջոցով ջուրը հասցնեն գյուղացուն: Գյուղի բյուջեն աղքատիկ է, գյուղապետարանը հնարավորություն չունի իր ուժերով գոնե մեկ հոր եւս հորատի: Գագիկ Մարտոյանը պատմում է, որ գյուղացիներից մեկը ցանկացել է հորատել, բայց 15 հազար դոլար փող են ուզել:
Թեեւ պետությունը հոգ չի տանում իր քաղաքացու մասին, եւ մի քանի տարի շարունակ գյուղացին ջրի բացակայության պատճառով ստիպված է հող չմշակել, Կառավարությունից չեն զլացել գյուղապետարանին զգուշացնել, որ եղած ջրի համար գանձումներ անեն: Ջրային տնտեսության պետական կոմիտեն գրություն է ուղարկել համայնքապետարան, որով կոչ է անում ջրհորի ջրի համար խմելաջրի վարձավճար գանձել գյուղացիներից:
«Բայց ո՞նց գանձենք, եթե ջուրը չենք հասցնում սպառողին, սպասարկում էլ չենք անում: Ասում են ջրհորից 500 մ հեռավորության շառավղով տնտեսությունները պիտի ջրի համար վճարեն, մենք էլ ասացինք, որ վաճառվող ջուր չունենք ու չենք կարող վարձավճար գանձել»,- ասում է Գ. Մարտոյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել