
Այսօր առավոտվանից անցկացվող ցույցի մասնակիցները սպասում են ՀՀ Ազգային ժողովի քվեարկության արդյունքներին: ԱԺ-ն այսօր` ժամը 17:00-ին, պետք է առաջին ընթերցմամբ քվեարկի «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հնարավորություն է տալիս ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ բացել: Առավոտյան` ժամը 11-ին, կառավարության նիստերի դահլիճի շենքի առջև, որտեղ ԱԺ-ն իր նիստերն է գումարում, մեկնարկեց բողոքի ցույց` ընդդեմ օրինագծի:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը «Հետքին» ասաց, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն իրենց համար քննարկման ենթակա չեն այն իմաստով, որ այդ բոլոր առաջարկները միանշանակ պետք է հանվեն շրջանառությունից:

«Որո՞նք կլինեն ձեր քայլերը, եթե օրինագիծն ընդունվի առաջին ընթերցմամբ» «Հետքի» հարցին Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ըստ իրենց պատկերացումների` լսումներ են լինելու: Երկրորդ քայլը կլինի լսումներ կազմակերպելը, և մենք կանենք ամեն բան, որ լսումները չկայանան այն իմաստով, որ մեզ լսումներ այս օրենքի շուրջ պետք չեն, մեզ պետք են լսումներ մեր լեզվի և հանրակրթության խնդիրների շուրջ, որ լավագույն մանսագետները, ակադեմիական շրջանակները հավաքվեն, իրենց կարծիքները, մտահոգությունները հայտնեն, և բոլորս որոշենք, թե ինչպես բարելավենք հանրակրթությունը»:
Նա նշեց, որ իրենք սրան հասնելու են քաղաքացիական ընդդիմության բոլոր հնարավոր միջոցներով: «Ընդ որում` մենք տարածվելու ենք նաև Հայաստանով մեկ, որովհետև արդեն տեղերում կան շատ դժգոհության օջախներ, որոնք ցանկանում են մեզ միանալ այս հարցի շուրջ: Գյումրիում, Վանաձորում, օրինակ, շատ ակտիվ շարժում կա: Արցախում արդեն շարժում կա: Վերջիվերջո, Հայաստանը Երևանը չէ, և հայոց լեզուն անգամ Հայաստանը չէ միայն»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Այսօր նախատեսվում է օրենքի` առաջին ընթերցմամբ քվերակությունը: Երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կլինի հավանաբար աշնանը: Արմեն Հովհաննիսյանի խոսքերով` անակնկալներ` արտահերթ նիստեր ևս կարող են լինել, և իրենք դրան էլ պետք է պատրաստ լինեն:
Պատգամավորներին տեսնելուն պես ցուցարարները սկսեցին սուլել, վանկարկել «Ամոթ», «Կրթությունը` հայերեն», «Կողմ ես` հեռացիր», «Գաղութացմանը` ոչ», «Հայաստանում` հայերեն», «Հայ մանուկին` հայ դպրոց», «Աշոտյան, հեռացիր», «Կառավարություն, հեռացիր»: Ցուցարարները նաև երգեցին ՀՀ օրհներգը: Պատգամավորներն արագորեն մտնում էին շենք:
ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, ով նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է, ձեռքով հայհոյեց ցուցարարներին` 3 մատի կոմբինացիա ցույց տալով: Նշենք, որ ցուցարարների մեջ, որոնց ուղղված էր ՀՀ նախագահի եղբոր հայհոյանքը, մեծ թիվ էին կազմում կանայք և աղջիկները:
ԱԺ շտապող պատգամավորներից քչերը մոտեցան ցուցարարներին (միայն «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցություններից): «Ժառանգություն» կուսակցությունից Անահիտ Բախշյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը մոտեցան ցուցարարներին և հավաստիացրին, որ դեմ են քվեարկելու:

«Մենք երեկ իջել ենք, ժողովրդի հետ զրուցել ենք, երեկ ելույթի ընթացքում մարդկանց կոչը փոխանցել ենք ԱԺ ամբիոն, փորձել ենք անգամ պատուհանը բացել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: «Դա ձեր աշխատանքն է, պիտի կարողանաք» ցուցարարի դիտարկմանը նա պատասխանեց. «Ճիշտ եք ասում` պիտի կարողանանք. 6 հոգով փորձելու ենք անել այն, ինչ հնարավոր է»:
ՀՅԴ-ից ցուցարարներին մոտեցան Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը, Արմեն Ռուստամյանը և Լիլիթ Գալստյանը: Վերջինը իր հոգուստին փակցրեց ընդդեմ օտարալեզու դպրոցների կազմակերպված ակցիան խորհրդանշող «Ա» տառը:

Ցուցարարների այն դիտարկմանը, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը փոխելու կառավարության նախաձեռնությունը դեմ է ՀՀ Սահմանադրությանը` Արմեն Ռուստամյանը ևս հավաստիացրեց, որ միանշանակ դեմ են քվեարկելու:
«Ցանկացած պայքար, երբ վարվում է հետևողական, արդյունք տալիս է անպայման: Ինչքան շատ մարդ հավաքվի, այնքան լավ, իհարկե: Բոլորն էլ պիտի հասկանան, որ սա համազգային հարց է: Եթե մենք մեր լեզուն էլ սկսենք կիսատ-պռատ սովորել, կամ զիջենք տեղը ուրիշ լեզվով ուսուցմանը, ուղղակի կործանարար է մեզ համար»,- լրագրողներին ասաց Արմեն Ռուստամյանը:

Ցուցարարներից 83-ամյա լիբանանահայ Արփինե Հայրապետյանը 33 տարվա մեջ առաջին անգամ է Հայաստանում: Նա 3 ամիս է արդեն Հայաստանում է և պատրաստվում է մշտապես այստեղ մնալ: Նա ձեռքում պահել էր «Հոս Հայաստա՞ն է» գրությամբ ցուցանակ: Արփինե Հայրապետյանը նշեց, որ Հայաստան է եկել, որ հայերեն լսի ու կարդա, սակայն տեսնում է, որ Լիբանանի հայկական թաղամասերում հայերեն ցուցանակներն ավելի շատ են, քան այստեղ:
Տիկին Արփինեն հիմնական տեղեկատվությունը ստանում է հեռուստատեսությունից: «Հայկական հեռուստաժամերը նայում է, ջղայնանում է: Ես դրա փոխարեն խտասալիկներ եմ բերում, հայկական խորհրդային կինոներից, որովհետև հայկական կոչված ծրագրերում գռեհիկ և փողոցային հայերեն է (եթե կարելի է հայերեն ասել): Իսկ ֆիլմերը և նաև շատ ուրիշ ծրագրեր ռուսերեն են, որը չի թարգմանվում: Ռուսերենը ՀՀ-ում չի ընկալվում որպես օտար լեզու: Սա է մեծագույն վտանգը, և դրանից հետևություն` շատերի համար ՀՀ-ը չի ընկալվում որպես անկախ պետություն, ներառյալ մեր պատգամավորների, այլ ընկալվում է որպես Ռուսաստանի Դաշնության մի գուբերնիա»,- ասաց Արփինե Հայրապետյանի որդին` պատմաբան, լրագրող Գևորգ Յազըճյանը:
Նա նշեց, որ հայկական դպրոցներում կրթության որակը պետք է այնքան բարձր լինի, որ շրջանավարտները տիրապետեն մի քանի լեզվի, խնդիրը կրթության ցածր որակն է, ոչ թե օտարալեզու դպրոցների բացակայությունը: Օրինակ` Արփինե Հայրապետյանը Լիբանանում հայկական կրթություն է ստացել, բայց տիրապետում է անգլերենի, արաբերենի, թուրքերենի, մի քիչ էլ` ֆրանսերենի:

Ցույցը հսկում էր մի քանի ոստիկան: Նրանցից մեկը տեսախցիկով նկարահանում էր ցույցի, այնուհետև երթի մասնակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել