
Արարատի մարզի Սիփանիկ գյուղի որոշ տներ զուգարան չունեն. ստորգետնյա ջրերն այս գյուղւոմ այնքան են բարձրացել, որ ողողում են զուգարանները, լցվում տներն ու անասնագոմերը: Գյուղացիներից շատերը չեն կարողանում անասուն պահել, վարուցանքի մասին խոսք անգամ լինել չի կարող` հողերն արդեն ճահճանում են: Գյուղում այս խնդիրը միշտ առկա է եղել, սակայն նախկինում դրենաժային համակարգ է գործել: Այժմ այդ համակարգը չի գործում, եւ գյուղացիները ծանր իրադրության մեջ են հայտնվել:
Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Հայկ Տերտերյանը հաստատեց, որ մարզում ճահճացման խնդիրը միշտ էլ եղել է, պարզապես այս տարի անձրեւները շատ էին, գերխոնավացմանը նպաստել է նաեւ ձկնաբուծարաններից բաց թողնվող ջրի մեծ քանակը: Իսկ մեկ տարվա ընթացքում մարզում ձկնաբուծարանների թիվը զգալիորեն աճել է:
Այս տարի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում նախատեսված է Արարատի մարզում մաքրել շուրջ 303 կմ դրենաժային համակարգ, որը կարժենա 350 մլն դոլար:
«Փոխվարչապետն էլ վերջերս ասաց, որ տարեկան 16 մլն դոլարի գումար է ծախսվել դրենաժային համակարգը մաքրելու համար: Ամեն տարի 200-250 կմ մաքրվում է: Դրենաժային համակարգը մարզում շատ է, 3 տարին մեկ մաքրման աշխատանքները կրկնվում են, բայց էլի մնում է, բոլորը չենք կարող միանգամից մաքրել»,- ասաց Հ. Տերտերյանը:
Ինչպես Սիփանիկում, այնպես էլ մարզի Մասիսի տարածաշրջանի մյուս գյուղերում այս խնդիրն առկա է, քանի որ տարածք են թափանցում նաեւ Երեւանից եկող անձրեւաջրերն ու կեղտաջրերը:
Կառավարությունից արդեն հանձնարարական է իջեցվել, եւ այս օրերին առաջնահերթ փորձում են կարգավորել ձկնաբուծարաններից բաց թողնված ջրի քանակը: Գյուղատնտեսության բաժնի պետը նույնպես հաստատում է, որ գյուղերում վիճակը ծանր է, եւ շտապ քայլեր են անհրաժեշտ:
Ինչ վերաբերում է Սիփանիկ համայնքին, ապա այս տարի 1.5 կմ նոր դրենաժային համակարգ է կառուցվելու, իսկ մինչ այդ` եղածները մաքրվելու են:

Սակայն, գյուղացիների մտահոգությունն այլ է. վար ու ցանքի թեժ ժամանակահատվածում նրանք չեն կարողանում մշակել իրենց հողերը: Ամեն տան բակում ստորգետնյա ջրերից լճակներ են գոյացել: Թեեւ նրանք այդ հողից եկամուտ չեն ստանալու, բայց վճարելու են հողի հարկը: Եվ դա մեծ հարված է առանց այդ էլ տուժած գյուղացիների համար:
Հայկ Տերտերյանից հետաքրքրվեցինք, թե վնասներ կրած գյուղացիներին ի՞նչ արտոնություններ են տրվելու: Բաժնի պետը պատասխանեց, թե արտոնություն տվողն իրենք չեն, համայնքապետը պետք է դիմի Կառավարություն:
«Համայնքապետը թող դիմի, մենք էլ կաջակցենք: Ընդունենք` մարդուն ազատեցին հողի հարկից, բայց այդ հարկը գյուղի բյուջե է գնում, իրենք պետք է լուծեն այդ հարցը: Բայց ամեն ինչ պետք է արվի, որ այդ հողերը մշակվեն, թե չէ հողի հարկից ազատելը մի մեծ գործ չի»,- ավելացրեց Հ. Տերտերյանը:
Գյուղացիների պնդմամբ` իրենք չեն կարող մի քանի տարի հող մշակել, նույնիսկ եթե ջրերը ցամաքեն: Որոշ հատվածներում հողերի գերխոնավությունն այնքան մեծ է, որ ճահճացում է սկսվել: Բակերում մոտ երկու մետր երկարությամբ եղեգներ են աճել:
Հ. Տերտերյանը չկարողացավ ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի ճահճացած հողերը նախկին տեսքի բերելու համար:
Սոնիկ Քլոյանն ընտանիքի հետ վերջերս է տեղափոխվել Սիփանիկ: Տուն են գնել, վերանորոգել, սակայն ստորգետնյա ջրերից վերանորոգումն ամբողջությամբ փչացել է:
«Ես չիմանալով եմ եկել էս գյուղ, մենք Ջավախքից ենք: Եկել տունն առել ենք, սարքել, մեծ գումարներ ենք ներդրել, բայց ամբողջը զրո է դարձել: Խոնավությունից մարդկանց ոտքերը բռնվում են, չեն էլ կարողանում քայլել»:

Ընտանիքն անասուններ է ունեցել, սակայն տարհանել են, քանի որ գոմն ամբողջովին ջրի մեջ է. «Ստիպված մորթել ենք, այդպես մեր ապրուստի միջոցը կտրեցինք: Ճանապարհին քար ենք դրել, որ անցնենք, քարն էլ է ջրով ծածկվել: Հավերին ստիպված կլադովկայում եմ պահում, որպեսզի գոնե մի բան ունենանք: Բա էլ ինչի՞ ենք գյուղացի, որ գոնե մի բան չպահենք: Հողից անհնար է ինչ-որ բան ստանալ: Վար, ցանք ենք արել, բայց լրիվ հեչ եղավ»,- ասում է
Սոնիկը:
Դեպի տուն տանող ճանապարհը նույնպես ամբողջովին ջրի մեջ է: Իսկ ահա դեպի գոմ տանող ճանապարհին կարելի է ջրի մեջ թաղվել: Ընտանիքն այս վիճակում ապրում է արդեն հինգ ամիս:
«Զուգարան չունենք, քանի որ այստեղ չի լինում կառուցել, ջուրը գալիս, ծածկում է: Նախորդ հազարամյակներում երեւի այսպես չեն ապրել: Զուգարան ջրի մեջ ենք գնում: Չգիտենք` ինչ անենք, որ գոնե մի քիչ մարդավայել ապրենք»,- ասում է Սոնիկը: Իսկ երբ եղանակը տաքանում է, ահավոր գարշահոտություն է տարածվում: Գյուղացիները դիմել են համայնքապետարան, որպեսզի առուներ փորվեն, ու ջուրը հոսի:
«Ժամանակին դրենաժային համակարգ է եղել, բայց դա թալանել-տարել են: Որի վրա էլ բերել, հող են լցրել: Գյուղի մեջտեղը` ստեղից ներքեւ, ահավոր վիճակ է: Առուներ պիտի արվեն ու նասոսով քաշեն: Մենակ նասոսով է հնարավոր, ինքնահոսով էս ջուրը ոչ մի տեղ չի գնա: Դա մեծ ֆինանսի հարց չէր, ընդամենը պետք է մի քանի առու բացեին ու կողքին շարժական նասոսներ դնեին: Միառժամանակ աշխատացվեր դա, մինչեւ այս ջրերը քաշվեին»,- ասում է Սոնիկը:
Սիփանիկում 130 ընտանիք է ապրում, հիմնականում` փախստականներ: Համայնքապետ Հայկ Բադալյանն ասաց, որ գյուղացիների ընդհանուր սոցիալական վիճակն այնքան էլ բարվոք չէ, քանի որ գյուղի հողերը հիմնականում աղակալված են, ստորգետնյա ջրերն էլ` շատ բարձր:
«Դա վաղուցվա խնդիր է: Ու այս դեպքում բերքատվություն գրեթե չկա: Բերքատվություն չկա, ծառերը շուտ չորանում են»,- ասաց համայնքապետը:
Սիփանիկ գյուղի բնակչության հիմնական մասն արտագնա աշխատանքով է գոյատեւում, ոմանք նաեւ անասուն են պահում: Հ. Բադալյանը չգիտի, թե երբ է խնդիրը կարգավորվելու: Նա անհամբեր Կառավարությունից «բարի լուր» է սպասում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել