
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բացվել է «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության տարածքային գրասենյակը: Այն նպատակ ունի նպաստելու տարածաշրջանի զարգացմանը եւ ծրագրեր է իրականացնելու երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության, առողջապահության, սոցիալական, տարածքային զարգացման ոլորտներում:
Կազմակերպությունը մարզում իրականացնելու է դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման ծրագրեր: Ինչպես տեղեկացրեց ծրագրերի զարգացման ղեկավար Արման Գրիգորյանը, այս պահին 5 աշխատակից ունեցող գրասենյակի ֆինանսավորումը կատարվում է Թայվան հանրապետության «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից:
Գործունեության շրջանակում առայժմ ընդգրկվել է տարածաշրջանի 11 գյուղական համայնք եւ Ապարան քաղաքը: Բնակավայրերի ընտրությունը կատարվել է, հաշվի առնելով դրանց բնակչության քանակը, երեխաների ներգրավվածությունը, ինչպես նաեւ`այդ տարածաշրջանին հատուկ սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները:
Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք առաջնային խնդիրներ ունեն դժվարին իրավիճակում հայտնված երեխաների բացահայտման առումով: Այդ բաժնում հաշվառված է դժվարին իրավիճակում հայտնված երեխանների 30 տոկոսը, բայց եթե անկեղծ լինեմ, մի այդքանն էլ կլինեն չբացահայտվածները»,- ավելացրեց Գ. Դանիելյանը:
«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքով երեխաներին տրված են լայն իրավունքներ` հանգստի, բարեկեցիկ կյանքի, առողջության եւ այլն, սակայն Գ. Դանիելյանի խոսքով` մարզի երեխաների կեսից էլ քիչ երեխանների իրավունքներն են օրենքով նախատեսված բոլոր կետերով պաշտպանված:
«Լուրջ խնդիրներ ունենք հատկապես Ապարանի տարածաշրջանում: Հաշմանդամ երեխաների ծնողները չեն դիմում առողջապահական հաստատություններ, որպեսզի երեխան հաշմանդամության կարգ ստանա: Այստեղ ոչ իրազեկ լինելու եւ հոգեբանական խնդիր կա: Ծնողները փորձում են թաքցնել, բայց դրա կարիքը չկա` բոլորն էլ տեսնում են, որ երեխան հաշմանդամ է»,- ավելացրեց բաժնի պետը:
Արագածոտնի մարզում չկան երեխաների խնամքի կենտրոններ, ինչն ավելի դժվար է դարձնում երեխանների իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Մարզապես շատ են հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող երեխաները եւ նման կենտրոնի առկայությունը կարող էր շատ հարցերի լուծում տալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել