HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Իրենք իրենց երեխաների համար ստեղծում են վերնախավային դպրոցներ, որ բարդույթից դուրս գան»

Երբ 80-ական թթ.-ին Հայաստանում հայկական դպրոցներ էին փակվում, և ռուսական դպրոցներ էին բացվում, բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ հայոց լեզուն վտանգված է, պատասխանում էին. «Դուք դե՞մ եք օտար լեզուներ իմանալուն»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով` այժմ էլ «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին խոսելիս շատերը խեղթյուրում են ընդդիմախոսների տեսակետը և դեմագոգիայի դիմում: Ավետիք Իշխանյանը ընդգծեց, որ վերոնշյալ փոփոխությունների ընդդիմախոսներից որևէ մեկը չի ասել, թե դեմ է օտար լեզուներ իմանալուն: «Ես բոլորվին չեմ մտածում, որ այլ լեզու չպետք է իմանալ: Խոսքն այն մասին է, որ երեխայի նախնական հանրակրթությունը պետք է լինի մայրենիով, որի հիման վրա պետք է սովորեն այլ առարկաներ, և որքան լեզուներ լավ սովորեն, ինչպես մյուս առարկաները, այնքան ավելի լավ է: Ամեն անգամ խոսքերը խեղթյուրում են: Եթե իրենք չեն կարողանում այնպիսի կրթական մակարդակ ապահովել, որ բոլոր առարկաները, այդ թվում` լեզուները, լավ իմանան, ուրեմն այդ կառավարությունը` իր ամեն ինչով, պետք է հրաժարական տա: Սա է խնդիրը»,- այսօր կազմակերպված ասուլիսին ասաց Ավետիք Իշխանյանը: Նա 9-10-րդ դասարաններում սովորել է Կրուպսկայայի անվան դպրոցում: Սա հայկական դպրոց էր, բայց ռուսերենի դասավանդման որակը այնքան բարձր էր, որ պրն Իշխանյանի բոլոր համադասարանցիները շատ լավ տիրապետել են ռուսերենին` անկախ նրանից, թե ինչպես էին տիրապետում մյուս առարկաներին: Ավետիք Իշխանյանը նշեց, որ խորհրդային իշխանության տարիներին անկախության ձգտում կար այն ազգերի մեջ, որոնք պահպանում էին իրենց լեզուն, ինչպես, օրինակ, վրացիները, մերձբալթյան ժողովուրդները: Այդ ազգերի երեխաները խորհրդային իշխանության տարիներին ռուսական դպրոցներ գրեթե չէին գնում, ինչը իրավապաշտպանը պայմանավորում է պետական մտածողությամբ: Անդրադառնալով Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությանը` Ավետիք Իշխանյանն ասաց. «Այսօր անկախ Հայաստանում սա մեծագույն հարված է պետականության թիկունքին: Սա բարդույթ է: Մարդիկ, որոնք բարդույթավորված են, հիմա ունեն պաշտոններ, ամեն ինչ, բայց այդ բարդույթից չեն կարողանում դուրս գալ: Իրենք չեն հավատում Հայաստանի ապագային, պետականությանը և այս ձևով իրենց երեխաների համար ստեղծում են վերնախավային դպրոցներ, որ իրենց բարդույթից դուրս գան: Ես սա բարդույթավորվածություն եմ համարում: Ես չեմ հասկանում` որևէ անկախ պետության մեջ ոնց պետք է ժողովուրդը հանդուրժեր կրթության այդպիսի նախարարի, որը օտարալեզու դպրոց է բացում: Բայց քանի որ նա ինչքան էլ ասի, ես համոզված եմ, որ դա միայն իր նախաձեռնությունը չի, այդպիսի կառավարություն և իշխանություն մեզ պետք չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter