
«Հետքի» լրագրողը` մրցանակակիր
Արդեն երրորդ տարին է` Հայաստանում սեպտեմբերի 18-ը նշվում է որպես Քաղաքացիական հասարակության օր: Այս տարի առաջին անգամ այն նշվեց նաև Վանաձորում: «ՀԿ կենտրոն» ՔՀԶ հկ-ի և համագործակից այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (քաղաքային) այգում կազմակերպվել էր տոնական միջոցառում` նվիրված Քաղաքացիական հասարակության օրվան:
Տոնակատարությունների շարքում անցկացվեց լուսանկարների և շարադրությունների մրցույթ: Ցուցադրվեցին Լոռու մարզի 10 հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆիլմեր և սոցհոլովակներ: Անցկացվեց ֆլեշմոբ: Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով:
«Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթում ներկայացված էր 15 հեղինակի շուրջ 35 լուսանկար: Սահմանված էր երեք մրցանակային տեղ: Հաղթողները պարգևատրվեցին փոքրիկ դրամական նվերներով և գրքերով:
Երկրորդ մրցանակային տեղն զբաղեցրեց «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը: Նա երեք լուսանկար էր ներկայացրել մրցույթին: Մրցանակի արժանացավ լրագրողի այն լուսանկարը, որում ոստիկանության աշխատակիցը կարդում է «Հետք» շաբաթաթերթը:
Ինչպես «Հետքին» փոխանցեցին, Գրիշա Բալասանյանի այս լուսանկարն արժանացել է հանձնաժողովի համակրանքին, քանի որ իշխանության ներկայացուցիչը «ընդդիմադիր» թերթ է կարդում. հանձնաժողովը սա համարել է քաղհասարակության տիպիկ արտահայտություն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել