
Երեխան ապրում է ընտանիքում, որտեղ իր մորն են սպանել
Երբ ծեծեցի Սարկիսովների բնակարանի դուռը, Լիլիյա Սարկիսովան, իմանալով, որ լրագրող եմ, միանգամից փակեց դուռն իմ առջեւ: Սարկիսովա Լիլիան ամուսնու կողմից ծեծով սպանված Զարուհի Պետրոսյանի սկեսուրն է: Զարուհու մահից հետո նրա 2-ամյա դստերը` Լիլիյա Պետրոսյանին Մասիսի քաղաքապետի որոշմամբ ժամանակավոր ուղարկում են Երեւանի Նորքի «Մանկան տուն»:
Մասիսի քաղաքապետի որոշման համար հիմք է հանդիսանում այն, որ Յանիս Սարկիսովի (Զարուհի Պետրոսյանի ամուսինը) ծնողական իրավունքներն օրենքով սահմանված չեն 2-ամյա Լիլիյա Պետրոսյանի նկատմամբ: Ինչպես նաեւ այն, որ Յանիս Սարկիսովն իր մոր` Լիլիյա Սարկիսովայի հետ բնակվում է Մասիսի հանրակացարանում, երկսենյականոց բնակարանում, որտեղ կոմունալ պայմանները բավարար չեն երեխայի բարեկեցիկ կյանքի համար:
2011-ի հունվարի 27-ին Յանիս Սարկիսովը` կնոջ սպանությունից 4 ամիս անց ճանաչում է Լիլիյա Պետրոսյանի հայրությունը` նրան տալով իր ազգանունը: Հարսի սպանությունից հետո հայտնվում է նաեւ սկեսրայրը` Ալեքսանդր Սարկիսովը, ով երկար տարիներ ամուսնալուծված է եղել կնոջից; Քանի որ Յանիս Սարկիսովը կալանավորված է, հուլիսի 6-ին նրա հայրն ու մայրը դիմում են Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին` խնդրելով մանկատնից իրենց խնամքի տակ վերցնել փոքրիկ Լիլիյա Սարկիսովային:
Նորք-Մարաշ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի 2011, հուլիսի 14-ի որոշմամբ փոքրիկի նկատմամբ սահմանվում է խնամակալություն` խնամակալ նշանակելով երեխայի տատիկին` Լիլիյա Սարկիսովային:
«Ընդդեմ կանանց բռնության կոալիցիա»-ն, որը հետեւում է Զարուհու սպանության վերաբերյալ դատական գործին, համարում է, որ Սարկիսովը ճանաչել է երեխայի հայրությունը` դատական վճռում մեղմացումներ ստանալու նպատակով:
Կոալիցիայի անդամները շեշտում են, որ երեխային` տատիկի խնամակալությանը հանձնելուց առաջ պետք էր հաշվի առնել փաստը, որ Զարուհի Պետրոսյանի ծեծին եւ սպանությանն իր մասնակցությունն է ունեցել նաեւ նրա սկեսուրը` Լիլիյա Սարկիսովան: Զարուհու ընկերուհիներն ու հարեւանները բազմիցս նշել են նրա` սկեսրոջ կողմից հաճախակի ծեծի ենթարկվելու մասին: Սակայն իրավաբանորեն Լիլիյա Սարկիսովան հանդես չի գալիս որպես մեղադրյալ: «Արդյոք չե՞ն խախտում երեխայի իրավունքները` նրան հանձնելով այն ընտանիքին, որտեղ դաժանաբար ծեծից մահացել է իր մայրը»,- նշում է «Թուֆենկյան» հիմնադրամի փոխնախագահ Հասմիկ Գեւորգյանը;
«Հետքի» հարցին, թե փոքրիկ Լիլիյա Սարկիսովային տատիկի խնամակալությանը հանձնելուց
առաջ արդյո՞ք Նորք-Մարաշի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովն իր
ուսումնասիրություններում հաշվի չի առել այն, որ երեխայի տատիկը եւս մասնակից է եղել նրա մոր դաժան ծեծերին, հանձնաժողովի քարտուղար Հ. Քյուփելյանը պատասխանեց. «Մենք դատարանից որեւէ փաստաթուղթ չենք ստացել, որ Լիլիյա Սարկիսովան հանցագործության մասնակից է: Ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը, նաեւ բնակարանը, որտեղ երեխան ապրում է: Մեզ դիմեցին` ասելով, թե երեխան իրականում բնակվում է հանրակացարանում: Մենք գնացինք, պարզեցինք, որ ոչ, երեխան ապրում է Աջափնյակի Նազարբեկյան թաղամասում եւ հաճախում է N 133
մանկապարտեզը»,- նշում է Քյուփելյանը:
Երեխայի խնամակալության մասին օրենսդրության հոդված 135-ի երկրորդ կետի համաձայն երեխայի խնամակալ նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի բարոյական եւ անձնական այլ հատկանիշներ:
Խնամակալի` Լիլիյա Սարկիսովայի բացասական անձնական եւ բարոյական հատկանիշների մասին որեւէ փաստաթուղթ չունենալով` Նորք-Մարաշի հոգաբարձության հանձնաժողովը համարել է, որ նա օժտված է խնամակալին հատուկ բոլոր բարոյական չափորոշիչներով:
Փաստորեն բարոյական արժեքները հոգաբարձության խորհրդում չափվում են փաստաթղթով: Իսկ երեխային իր իսկ մորը սպանած ընտանիքում մեծանալու մասին բոլոր փաստաթղթերը կարգին են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել