
Ռուս-թուրքական ռազմավարական գործընկերության պաշտոնական ամրագրումից առաջ
Մայիսի 11-13-ը ՌԴ նախագահ Մեդվեդեւի Թուրքիա կատարած պաշտոնական այցը նշանային է մի քանի առումներով: Սպասվում է, որ ի կատարումն արդեն մի քանի անգամ ռուսական ու թուրքական կողմերի այդ մասին արած հայտարարությունների` Ռուսաստան-Թուրքիա սկսվող ռազմավարական գործընկերությունն «անձնագիր» կստանա երկու երկրների միջեւ կնքված հատուկ պայմանագրի տեսքով:
Սարաեւոյում վերջերս իր հարցազրույցներից մեկում Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը նույնիսկ հայտարարեց մայիսից Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ այցագրային ռեժիմը վերացնելու մտադրության մասին, եւ առանց ավելորդ հուզականության, որպես ռուս-թուրքական մերձեցման եւս մեկ հավաստիք հարց տվեց լրագրողներին` կպատկերացնեի՞ք երբեւէ, որ այդպես կլինի:
Ավանդաբար փոխլարված հարաբերությունները, որոնք ժամանակին կազմել են նախկին բաժանարար հոծ գծերի կովկասյան հատվածը նաեւ, այժմ երկուստեք ի ցույց են դրվում որպես կայուն ջերմացող, երկար տարիներ այդպիսին մնալու մեծ ներուժով լիցքավորված գործընկերություն: Եվ սա, հավանաբար, 2008 թ. հետօգոստոսյան եւս մեկ, թերեւս հարավկովկասյան տարածաշրջանի ամենալուրջ սենսացիան է:
Եթե, իհարկե, իրական հարթության վրա ամեն ինչ ընթանա նախանշվածի համաձայն, եւ եթե տարածաշրջանի երկրները կարողանան ժամանակին գլուխ հանել ռազմավարական ու տնտեսական նախկին հասկանալի ու կուռ կառույցի այժմյան տրոհման տրամաբանությունից:
Այն, ինչ կատարվում է ռուս-թուրքական հարաբերությունների հետ, հավանաբար արդեն պետք է դիտարկել միայն մոտ հեռավորությունից, թեեւ հենց այդ հարաբերությունների որակական փոխակերպման բուն պատճառը գլոբալ, գուցե հայ-թուրքական առկախման եւ Ղարաբաղյան խնդրում հերթական արգելակման արանքում գտնվողներիս համար դժվար պատկերացնելի չափերի է հասնում:
Այնուամենայնիվ, հետաքրքիր է ծանոթանալ նաեւ ռուս-թուրքական գործընթացների մասին ադրբեջանական փորձագիտական գնահատականների հետ, ինչը եւ ուզում ենք առաջարկել ստորեւ: Ինչպես սովորաբար, մենք խնդրել ենք նրանց պատասխանել մեր միեւնույն հարցերին` եզրակացություններ անելու հնարավորությունը թողնելով ընթերցողներին:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Մոսկվան եւ Անկարան չեն վտանգելու նախատեսվող ծրագրերի իրականացումը
Ռասիմ Մուսաբեկով, անկախ քաղաքագետ
-Կարո՞ղ են ռուս-թուրքական հարաբերությունները վերաճել իսկապես ռազմավարականի, ինչպե՞ս դա կանդրադառնա հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորումների վրա:
-Այդ հարաբերություններն իսկապես այնպիսի մասշտաբի են հասնում, որ ժամանակն է դրանք ռազմավարական կոչելու: Ռուսաստանը դարձել է Թուրքիայի գլխավոր, իսկ Թուրքիան` Ռուսաստանի հինգերորդ առեւտրային գործընկեր պետությունը: Թուրքիան իրեն անհրաժեշտ նավթի մեկ քառորդը, բնական գազի կեսից ավելին գնում է Ռուսաստանից:
Իրենց հերթին թուրքական ինժեներաշինարարական ընկերությունները Ռուսաստանում իրականացնում են 30 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր: Բավական ամբիցիոզ նպատակ կա առաջիկա տարիներին տնտեսական հարաբերությունները մինչեւ 100 մլրդ դոլարի հասցնելու: Թուրքական ներդրումները կազմում են 6 մլրդ, իսկ ռուսաստանյան ներդրումները Թուրքիայում` 4 մլրդ դոլար:
Նախատեսվում է «Հարավային հոսք», «Կապույտ հոսք-2» գազամուղների, Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարությունը, Ռուսաստանի մասնակցությամբ ծրագրվում է Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցումը: Ռուսաստանյան 2,5 մլն տուրիստներ ամեն տարի հան•ստանում են Թուրքիայում: Տարվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Այս ամենը դեռ փետրվարին նախագահ Մեդվեդեւին հիմք տվեց հայտարարելու, որ «Ռուսաստանն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են»:
Էրդողանն ընդամենը կրկնեց ռուսաստանյան առաջնորդի գնահատականը: Բայց ես չեմ կարծում, թե արդյունքում Անկարան երես կթեքի ԱՄՆ-ից ու Եվրամիությունից, կհրաժարվի եվրաինտեգրման հետ կապված ծրագրերից, առավելեւս չեմ կարծում, թե դուրս կգա ՆԱՏՕ-ից: Այդ ամենը ֆանտաստիկա է:
Իրականում մենք տեսնում ենք, թե ինչպես են Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները, որոնց երկար տարիներ բնորոշ էին անվստահությունն ու մրցակցությունը, տրանսֆորմացվում ու դառնում մրցակցային-գործընկերային: Ընդհանուր առմամբ, նման զարգացումն իմ կարծիքով դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Ակնհայտ է, որ այսուհետ դժվարանալու է «ինչ-որ մեկի ֆորպոստը» կամ «դեմոկրատիայի փարոսը» լինելու հանգամանքներից միավորներ կորզելը:
Չեմ կարծում, թե Մոսկվան եւ Անկարան պատրաստ են վտանգելու նախատեսվող խոշոր ծրագրերը տարածաշրջանային վերնախավերի կամակորության կամ էլ ռացիոնալ քաղաքականություն իրականացնելու նրանց անընդունակության պատճառով: Ռուս-թուրքական գործընկերային շահերը պահանջում են հաղորդակցությունների ապաշրջափակում եւ սահմանների բացում: Կարծում եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերն ավելանալու են:
-Իրականում ի՞նչ տեղ են գրավում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը Ռուսաստան-Թուրքիա օրակարգում:
-Այդ հարցերը քննարկման նյութ են եղել նաեւ ավելի վաղ այցելությունների ընթացքում: Մոսկվայից հայտարարել էին, որ Ղարաբաղյան կարգավորումը քննարկվելու է նաեւ Մեդվեդեւի` Թուրքիա այս այցի ընթացքում: Հաշվի առնելով հայ-թուրքական կարգավորման արդեն ակնհայտ կապը Ղարաբաղյան կարգավորման առաջընթացի հետ` այդ հարցերը կքննարկվեն համատեղ:
-Մնացորդն այն է, որ քաղաքական գործիչներն ու Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները կապեր հաստատեցին եւ սկսեցին երկխոսել: Երկու երկրների հասարակությունները դեմքով շրջվեցին դեպի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Պատրաստված փաստաթղթերն էլ, իրենց ներկայիս բոլոր բարդություններով եւ տարընթերցումներով հանդերձ, պահպանվում են եւ ի վերջո վավերացվելու են: Ռուս-թուրքական մերձեցումը նվազեցնում է առճակատման սցենարների ռիսկերը տարածաշրջանում եւ ավելացնում է առկա խնդիրների կարգավորման հնարավորությունները:
Զաֆար Գուլիեւ, «Թուրան» գործակալության վերլուծությունների բաժնի ղեկավար
-Փորձագիտական շրջանակներում գերակշռում է այն կարծիքը, որ Մոսկվայի ու Անկարայի մերձեցումը դեմ է Արեւմուտքի (ԱՄՆ) շահերին, եւ այսպիսի գնահատականը հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման ֆոնին մի տեսակ մղում էր դիտարկելու իրադարձությունների ընթացքը կոնֆրոնտացիոն տեսանկյունից:
Գրեթե 2 տարի առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ («գազային շանտաժը», Ռուսաստանի վրացական ռազմական ավանտյուրան, էներգակիրների գների կատաստրոֆիկ անկումը, գլոբալ ֆինանսական ճգնաժամը եւ այլն) դրդեցին Արեւմուտքին (ԱՄՆ-ին) վերանայելու քաղաքական որոշ նախկին դրույթներ եւ սեփական վարքի սխեմաները:
Ըստ էության, ԱՄՆ նոր վարչակազմը հրաժարվեց խստաբարո կառույցի տեսքով միաբեւեռ աշխարհի կոնֆրոնտացիոն մոդելից եւ սկսեց ձեւավորել գործընկերային հարաբերությունների բազմավեկտոր ու բազմամակարդակ ցանց: Նպատակաուղղված ձեւով աշխատելով այդ ուղղությամբ (ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, «Ութնյակի», «Քսանի երկրների» շրջանակներում) ու մեթոդաբար աշխատեցնելով փոխլրացնող «աշխարհաքաղաքական վերաբեռնավորումների» համակարգը (Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի հետ, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում, իսլամական աշխարհի հետ եւ այլն)` ԱՄՆ-ն, փաստորեն, քայլ առ քայլ ձեւավորում է աշխարհակարգի նոր կառույց:
Բայց դա բազմաբեւեռ աշխարհի մոդել չէ, ինչպես շատերին (մասնավորապես` Ռուսաստանին) թվում էր սկզբում: Դա այն նույն միաբեւեռ աշխարհն է ԱՄՆ ղեկավար դերով, բայց որն ավելի ճկուն է, բազմամակարդակ, որտեղ նախատեսված է պատասխանատվության, օգուտների, հիմնական գործընկերների (ԵՄ, ՆԱՏՕ, «Ութնյակ», ՙՔսանի երկրներ՚) հետ ազդեցության ոլորտների որոշակի բաժանում: Այսպիսի մոտեցմամբ է ԱՄՆ-ն Թուրքիային զգուշորեն շնորհում իսլամական աշխարհի առաջնորդի եւ տարածաշրջանում հակամարտ իրավիճակների կարգավորման հիմնական մեդիատորի կամ կոորդինատորի դերը (Իրաք, Պակիստան, Սիրիա, Իրան, Աֆղանստան, Հարավային Կովկաս):
Հենց նման մոտեցմամբ է ԱՄՆ-ն առաջարկում Ռուսաստանին ընդունել «նոր խաղի կանոնները» եւ իր համար ռեալ օգուտներով մասնակցել ԱՄՆ գլոբալ ու տարածաշրջանային ծրագրերի իրագործմանը: Մի խոսքով, միաբեւեռ աշխարհը դեռ չի վերացել, այլ լրացվել է «տեղական ինքնակառավարման» դեմոկրատական սկզբունքով, եւ հիմա կատարվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական առաջնորդների տեղերի համար առավել նպատակահարմար դերակատարների ընտրությունը:
Այս տեսանկյունից Մոսկվայի ու Անկարայի միջեւ ձեւավորվող ռազմավարական հարաբերություններն առայժմ Վաշինգտոնի համար առանձնահատուկ խնդիր չեն, քանի որ ընդհանուր առմամբ համապատասխանում են նրա գլոբալ եւ տարածաշրջանային ծրագրերին:
ԱՄՆ-ն չափազանց հետաքրքրված է կովկասակասպյան տարածություններում սահմանների ապաշրջափակմամբ, հակամարտությունների վերացմամբ եւ ընդունելի խաղաղության ապահովմամբ, այդ պատճառով ԱՄՆ-ում հուսով են, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների խցանված կարգավորման վրա դրական ազդեցություն կունենա Մոսկվայի (Երեւանի «ավագ եղբոր») եւ Անկարայի (Բաքվի «ավագ եղբոր») մերձեցումը: Իսկ դա իր հերթին անհրաժեշտ իմպուլս կտա հայ-թուրքական երկխոսությանը:
-Ճիշտ չէր լինի գերագնահատել այս խնդիրների նշանակությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի համար, այդ երկրներն ունեն երկկողմանի համագործակցության բավական լայն ու կարեւոր խնդիրներ էներգետիկայի, առեւտրի, տուրիզմի բնագավառներում եւ այլն: Բայց միեւնույն ժամանակ էլ ճիշտ չէր լինի թերագնահատել տարածաշրջանային երկու տերությունների հետաքրքրվածությունն այն երկու խնդիրներով, որոնց մեջ նրանք ներգրավված են ակտիվորեն:
-«Ֆուտբոլային դիվանագիտության» մեկ տարին ամենաշատը օգուտներ բերեց Թուրքիային: Անկարան առաջարկեց Կովկասում խաղաղության եւ կայունության պլատֆորմը, որի առաջ մղումը էականորեն ակտիվացրեց տարածաշրջանում Թուրքիայի դերը: «Ֆուտբոլային դիվանագիտության» կոնտեքստում Անկարային հաջողվեց նոր թափ հաղորդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ ապահովել հայ-թուրքական երկխոսության հետ նրա սերտ կապը:
Թուրքիային առհասարակ հաջողվեց լուծել Կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործընթացներում նշանակալի սուբյեկտ դառնալու խնդիրը եւ իր համար ստեղծել մանեւրելու հարթակներ:
Անկարան կարողացավ հակամարտության կողմի կարգավիճակից (հայ-թուրքական երկխոսություն) բարձրանալ մինչեւ տարածաշրջանային կարեւորագույն խաղացողի մակարդակ. Թուրքիան այժմ ներգրավված է տարածաշրջանային բոլոր ծրագրերի ու գործընթացների մեջ:
Հմտորեն օգտագործելով աշխարհաքաղաքական ու էներգետիկ լծակները, ինչպես նաեւ Ղարաբաղյան խնդրի գործոնը, Անկարան կարողացավ սահմանների ապաշրջափակումը կախվածության մեջ դնել Կովկասում խաղաղության եւ կայունության սեփական պլատֆորմի իրականացումից. պլատֆորմ, որը ենթադրում է տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լուծում եւ Թուրքիայի նախաձեռնողական դերի հզորացում:
Ավելի հակասական են Հայաստանի եւ Ադրբեջանի արդյունքերը: Երկու կողմերի համար ընդհանուր դրականն այն է, որ նշված տարվա ընթացքում էապես մեծացավ Ղարաբաղյան հակամարտությամբ հետաքրքրվածությունը եւ կտրուկ ինտենսիվացավ բանակցային գործընթացը, ինչի արդյունքում անցած տարեվերջին առաջ եկան Մադրիդյան նորացված սկզբունքները: Բաքուն դրանց հավանություն է տվել, Երեւանը` դեռ ոչ:
Դրա հետ մեկտեղ երկու երկրներն էլ առաջվանից ավելի խորացրին իրենց կախվածությունը աշխարհում ու տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներից:
Ընդ որում` եթե Բաքուն դեռեւս պահպանում է իրավիճակի վրա ազդեցության լծակները, ապա Երեւանն իրադարձությունների զարգացմանը համընթաց ավելի է կորցնում մանեւրելու իր ազատությունը եւ ավելի մեծ կախվածություն ստանում աշխարհաքաղաքական առեւտրի, «միջանցքային» այս կարեւորագույն տարածաշրջանի մասին կոնսուլտացիաների արդյունքներից:
Մեկնաբանել