
Արմավիրի մարզի Դաշտ գյուղում մայիսի 9-ին ավագանու անդամի ընտրություններ են: 5 տեղի համար պայքարում են 6 թեկնածուներ, որոնցից 4-ը գործող ավագանիներ են: Ի տարբերություն քաղաքների` գյուղերում առհասարակ այդքան էլ չեն կարեւորվում ավագանու ընտրությունները: Հաճախ նույնիսկ թեկնածուներ չեն լինում, եւ ավագանու տեղերը չեն լրանում: Պատճառներից մեկն այն է, որ գյուղերում բոլորը ծանոթ-բարեկամ են գյուղապետերին, եւ ոչ ոք ոք չի ցանկանում առանց վարձատրության ավագանի «աշխատել», առավել եւս` հակադրվել նրանց:
Դաշտի գյուղապետ Հրանտ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ավագանու ընտրություններում իրենց գյուղում մրցակցություն չկա, քանի որ ոչ մեկ չի ցանկանում «իր անցավ գլուխը դնել ցավի տակ»: Ըստ գյուղապետի` դեռեւս չենք հասել այն մակարդակի, որ գիտակցենք ավագանու դերի կարեւորությունը: Գյուղերում ավագանու անդամի ընտրությունները հետաքրքրություն չեն ներկայացնում նաեւ այն պատճառով, որ ավագանիներն աշխատում են հասարակական հիմունքներով եւ չեն վարձատրվում:
«Ո՞վ ժամանակ ունի առավոտից երեկո գա նստի գյուղապետարանում, մանավանդ, որ այդ աշխատանքի համար չեն վարձատրվում: Այ, եթե գյուղապետարանը միջոցներ ունենար ու վարձատրեր նրանց, հետաքրքրությունը կավելանար: Բայց այսօր մեր համայնքի բյուջեն շատ սուղ է: Գյուղի մշակույթի տան տնօրենը ստանում է ընդամենը 30 հազար դրամ աշխատավարձ»,- ավելացրեց համայնքապետը:
Հ. Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Դաշտում կա՞ն ընդդիմադիր ավագանու անդամներ: «Նախ պետք է հասկանանք, թե ինչ բան է ընդդիմություն: Այսօր ով ինչ կարծիք ունի, կարող է ազատ արտահայտել, եթե այդպես վերցնենք մեկս մյուսին ընդդիմություն ենք»,- պատասխանեց գյուղապետը: Սակայն, ըստ գյուղապետի` դա չի խանգարում, որ Դաշտ գյուղի ավագանին ակտիվ աշխատի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել