
Վերջին օրերի առատ տեղումներն արդեն վնասներ են հասցրել Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսություններին: Գյուղնախարարությունում վնասի չափի վերաբերյալ հաշվարկներ չեն արել, սակայն փաստում են, որ այնուամենայնիվ վնասներ եղել են:
«Հետքի» ֆոտոխցիկը արձանագրել է, որ Արմավիրի մարզում անձրեւի հետեւանքով դեղնում եւ թափվում են սալորի եւ ծիրանի պտուղները, իսկ ծիրանենիները տերեւաթափ են լինում:
Այս ամենը փոխանցեցինք գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանին: Պաշտոնյայի ասելով` ինքը տեղյակ չէ այդ մասին, սակայն պտուղի թափվելն ու տերեւաթափը կարող է լինել խոնավության հետեւանք, բայց չի բացառվում նաև, որ գարնան ցրտահարությունն էլ պատճառ դառնա:
«Այս տարին շատ անբարենպաստ է գյուղատնտեսության համար: Նախ, գարնան ցրտահարությունը, հիմա էլ անձրեւային եղանակը վնասներ են հասցնում հատկապես խնձորի այգիներին, որոնք նոր են ծաղկել: Գարնանը գյուղացիները պետք է պարարտանյութ ունենային, որ ծառերին առատ պարարտանյութ տային, այդ դեպքում պտուղը կամրանար»,- ասաց Գ. Մանուչարյանը:
Վարչության պետը փոխանցեց, որ խոնավ եղանակը կարող է նաեւ բույսերի մոտ առաջացնել սնկային հիվանդություններ եւ փտախտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել