HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բանկերն անողոք պայքար են սկսել վարկառու գյուղացիների դեմ

Հատկապես վերջին ամիսներին մեծացել է այն դատական գործերի թիվը, երբ բանկերը կամ վարկային կազմակերպությունները դիմում են դատարաններ` վարկառուից պահանջելով մարել վարկի գումարը: Օրինակ` Նոր Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Եղիշե Մարտոյանը «Հետքին» փոխանցել էր, որ 2150 բնակիչ ունեցեղ գյուղի 95 տոկոսը վարկառու է ու նրանց դեմ շուրջ 40 դատական գործ կա իրենց համայնքում: Նոր Արմավիրում վարկեր տրամադրել են հիմնականում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ն ու «Ֆինքա» վարկային կազմակերպությունը: Նույն վիճակն է նաեւ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում: Այստեղ էլ դատական գործերը շատ են, եւ գյուղացիները մտավախություն ունեն, որ կզրկվեն իրենց տներից ու հողերից: Նման համայնքների թիվն օրեցօր ավելանում է, քանի որ վարկառու գյուղացիները չեն կարողանում վարկերը փակել, իսկ բանկերը գումարը բռնագանձելու պահանջով դիմում են դատարան: Եթե գյուղաբնակները մինչ այդ հարկադիր կատարողների մասին պատկերացում անգամ չունեին, հիմա գրեթե ամեն օր գյուղեր են այցելում ԴԱՀԿ ծառայողները եւ վարկառու գյուղացիներին պարտավորեցնում կատարել բանկի պահանջը, հակառակ դեպքում վարկառուներին սպառնում է բռնագանձում: Հարկադիր կատարման ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն` 2010 թ. առաջին եռամսյակում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցել է 3790 կատարողական վարույթ` բանկերի օգտին բռնագանձման պահանջներով: Դրանցով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցել է 2,8 մլրդ դրամը: Կատարողական թերթերի 40 տոկոսը կամ 1515-ը ներկայացված է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի օգտին: Այդ վարույթներով բռնագանձման ենթակա եւ հայցերի ապահովման ընդհանուր գումարը կազմել է 988,8 մլն դրամ: Ընդ որում` հարուցված վարույթների զգալի մասը վերաբերել է մարզային վարկառուներին, 1515 վարույթից միայն 215-ն է վերաբերել երեւանաբնակներին: Նշենք, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը առաջատարներից է նաեւ բարձր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր տրամադրելու գործում` տարեկան մինչեւ 24 տոկոս: Կատարողական թերթերի քանակով, 578 վարույթով եւ բռնագանձման 177 մլն դրամով երկրորդ տեղում է «Ինեկոբանկ« ՓԲԸ-ն, երրորդում հայտնվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն` 938 մլն դրամով եւ հարուցված 526 վարույթով: Վարկային կազմակերպությունների օգտին նույնպես հաճախակի են դարձել բռնագանձման պահանջներով հարուցված վարույթները` թվով 642: Այսպես`«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության օգտին հարուցվել է 222 վարույթ, «Ֆինքա»-ի օգտին` 254: Նշված երկու վարկային կազմակերպությունների օգտին հարուցված վարույթներից միայն 158-ն են հարուցվել Երեւանում, մնացածը վերաբերել են մարզերին: ԴԱՀԿ ծառայության լրատվական բաժնից «Հետքին» տեղեկացրին, որ 2010 թ. առաջին եռամսյակում մարզերում հարուցվել է 2271 վարույթ: Արագածոտնի մարզում հարուցվել է 237 վարույթ` 115 մլն դրամի հայցերի ապահովման եւ բռնագանձման պահանջով: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 50 մլն դրամ: Արարատի մարզում` 318 վարույթ 290 մլն դրամի բռնագանձման պահանջով: Բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 144 մլն դրամ: Արմավիրի մարզում 308 վարույթ` 202 մլն դրամի հայցերի ապահովման եւ բռնագանձման պահանջով: Փաստացի բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 91 մլն դրամ: Գեղարքունիքի մարզում հարուցվել է 123 վարույթ` 196 մլն դրամի բռնագանձման պահանջով: Բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 43 մլն դրամ: Լոռու մարզում` 306 վարույթ, 265 մլն դրամի բռնագանձման պահանջով: Բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 31 մլն դրամ: 692 մլն դրամի բռնագանձման պահանջ է եղել Կոտայքի մարզում, որտեղ հարուցվել է 333 վարույթ: Փաստացի բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 161 մլն դրամ: 148 վարույթ եւ 127 մլն դրամի բռնագանձման պահանջ եղել է Շիրակի մարզում: Այստեղ էլ փաստացի բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 72 մլն դրամ: Սյունիքի մարզում հարուցվել է 116 վարույթ եւ 124 մլն դրամի բռնագանձման պահանջ: Բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 37 մլն դրամ: Վայոց Ձորի մարզում բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 55 մլն դրամ: Մարզում հարուցվել է 202 վարույթ` 137 մլն դրամի բռնագանձման պահանջով: Իսկ Տավուշի մարզում 135 մլն դրամի բռնագանձման պահանջով հարուցվել է 180 վարույթ, եւ փաստացի բռնագանձվել կամ ուղիղ մարում է եղել 47 մլն դրամ: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ավետիք Ավագյանը «Հետքին» փոխանցեց, որ 2009 թ. մարզի դատարանում ընդդեմ վարկառուների մոտք է եղել 234 գործ, որից բավարարվել է շուրջ 170-ը: Բանկերի հայցապահանջներից չեն բավարարվել միայն 6-ը, իսկ 30 գործ կարճվել է: Այս տարվա առաջին եռամսյակում հարուցվել է 147 գործ, բավարարվել է 70-ը, իսկ 26 գործ կարճվել է: Դատական գործերով առաջին տեղում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ն է, երկրորդում` «Արդշինինվեստբանկ»-ը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեցինք «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին: Ուղիղ մեկ ամիս տեւած հեռախոսային բանակցություններից հետո բանկի ղեկավարությունը հրաժարվեց հարցազրույց տալ: Նույնը արդյունքը եղավ «Ֆինքա» վարկային կազմակերպության դեպքում: «Ֆինքա»-ի մարկետինգի բաժնի պետ Եվա Գրիգորյանը նախ խորհուրդ տվեց «մեզ չվերաբերող գործերի մեջ չխառնվել», ապա ավելացրեց, որ չեն պատրաստվում «Հետքին» պարզաբանումներ տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter