
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչ Մկրտիչ Մկրտչյանի ընտանիքը գյուղի այն 40 ընտանիքներից մեկն է, որոնք բանկերի հետ խնդիրներ ունեն, եւ գործը հասել է դատարան: Մ. Մկրտչյանը 5 տարի մարման ժամկետով 14 հազ. դոլար վարկ է վերցրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից:
Բանկի` «գյուղատնտեսական նպատակներով» տրվող վարկից է օգտվել, սակայն ոչ մի հաջողության չի հասել: 2009-ը անբարենպաստ տարի է եղել նորարմավիրցիների համար. կարկուտը վնասել էր բերքի մոտ 90 տոկոսը, այդ իսկ պատճառով վարկառու գյուղացիները, այլ եկամուտներ չունենալով, չեն կարողացել մարել վարկերը եւ հիմա հայտնվել են դատարանում:
Գյուղացիները պատմում են, որ գրեթե ամեն օր հարկադիր կատարողներ են գալիս գյուղ եւ պարտավորեցնում գյուղացիներին «փակել» վարկերը: Այս պահին գյուղում շատերը վաճառում են իրենց տներն ու հողերը, ավտոմեքենաները եւ այն ամենը, ինչ արժեք է ներկայացնում, որպեսզի գործը դատարան չհասնի:
Բայց քանի որ գյուղի բնակչության մոտ 90 տոկոսը նույն վիճակում է, ոչ հող գնող կա, ոչ էլ` տուն: Գյուղացիների անելանելի դրության մասին վկայեց նաեւ Նոր Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Եղիշե Մարտոյանը:
«Բանկից խնդրեցինք, որ մեզ ժամանակ տան, վարկը փակենք, բայց չտվեցին: Փոխանակ մեզ ձեռք բռնեին, դատի տվեցին ու միանգամից պահանջեցին ամբողջ 5 տարվա գումարները»,- պատմում է Մկրտիչ Մկրտչյանը:
Նա վարկը վերցնելու ժամանակ գրավ է դրել ընկերոջ գյուղտեխնիկան: Դատարանն արդեն վճիռ է կայացրել, որ նա պարտավոր է փակել վարկի ամբողջ գումարը եւ մոտ 2000 դոլար էլ ավելի` որպես տոկոսադրույք եւ տույժ-տուգանք: Հարկադիր կատարողները մի քանի անգամ այցելել են Մկրտչին` բռնագանձում կատարելու:

Որպեսզի բռնագանձումը չտարածվի գրավ դրված` ընկերոջը պատկանող գյուղտեխնիկայի վրա, Մկրտիչը վաճառել է սեփական տունը. չի ցանկացել ընկերոջ լավությանը վատությամբ վարձահատույց լինել: Մ. Մկրտչյանը տունը վաճառել է դեկտեմբերին, իր ասելով` շատ էժան գնով, գրեթե այնքան, ինչքան վարկի գումարն է` 15000 դոլար, որպեսզի բանկային պարտավորությունը կատարի:
«Երկու տղաներս, նրանց կանայք, թոռներս արդեն գնացել են Ռուսաստան, այստեղ մնացել ենք միայն ես ու կինս, մենք էլ կամ կգնանք, կամ էլ մի բան կանենք, էլի: Տներն արդեն ծախել ենք, մենք էլ մի երկիր կեթանք, երեւի Ռուսաստան»,- ասում էր Մ. Մկրտչյանը:
Նա իր տան գնորդի հետ պայմանավորվածություն ունի, որ մինչեւ աշուն իրենց այդ տանն ապրելու եւ տունը ետ բերելու հնարավորություն տա: Եթե մինչեւ աշուն կարողանան վճարել տան վաճառքի գումարը, ապա գնորդը տունը ետ կվերադարձնի:
Մեր այն հարցին, թե հույս ունե±ն, որ կկարողանան տունը ետ վերադարձնել, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Այս պայմաններում ի±նչ հույս: Այս երկրում ամենահեշտ բանը էն աշխարհ գնալն է, ուրիշ ի±նչ հույս պիտի ունենանք»: Նա ցույց տվեց տան դիմացի այգին, որ արդեն իրենը չէ: Թեեւ Մկրտիչը գիտակցում է, որ իր ձեռքով խնամած ծառերն այլեւս իրենը չեն, սակայն չի կարողանում հրաժարվել հողից եւ ամեն օր աշխատում է այգում: Երբ այցելեցինք նրանց տուն, նա դարձյալ այգում էր:
Մկրտիչը պատմեց, որ 12 տարի եղել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի միավորման Նոր Արմավիր գյուղի նախագահը եւ ամեն տարի վարկ է վերցրել ու ճշտապահորեն մարել:
Մկրտիչն իրեն վիրավորված էր զգում հատկապես այն բանի համար, որ այսքանից հետո ոչ պետութունը, առավել եւս «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը իր ընտանիքին չսատարեցին ու չընդառաջեցին ոչ մի հարցում:
«Ավելի լավ է մասնավորից տոկոսով փող վերցնես, քան «ԱԿԲԱ»-ից, քանի որ մասնավորի մեջ էլի մարդկային հատկանիշներ կան: Եթե մի քիչ տոկոսն ուշացնես, կասի` ոչինչ, հետո կտաս: Որպես Հայաստանի քաղաքացի` ես պետության աջակցությունը ոչ մի հարցով չեմ զգացել: Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց այդ թոշակից էլ եմ հրաժարվել: 11 հազար դրամ թոշակ էին տալիս, բայց թղթաբանությունն ու չլչլելն այնքան շատ էր, որ հրաժարվեցի դրանից: Պետության փողը մեր տուն չի մտել, նույնիսկ նպաստ էլ չենք ստացել՚,-պատմում է Մկրտիչ Մկրտչյանը:
Նա պետությանը մեղադրում է, որ տեր չի կանգնում օգնության կարիք ունեցողներին եւ թույլ է տալիս, որ կարիքի մեջ հայտնված ընտանիքները մասնատվեն ու լքեն երկիրը:
«Ուրիշ պետությունները բա ինչպե՞ս օգնեցին իրենց քաղաքացիներին, օրինակ` Ռուսաստանը: Պետք է ժամանակ տան մարդկանց: Չենք ասում` մեր վարկերը չտանք ու զրոյացնեն, էլի տանք, բայց ժամանակ տան, որ դրանք կարողանանք փակել: Գոնե պետությունը պետք է քաղաքացու կողքին լինի, եթե նա բանկի հետ խնդիր ունի, օգնի, որ ընտանիքները երկրից երկիր չգնան, իրարից չառանձնանան: Հիմա էլ սիստեմն այնպես է, որ եթե մի բանկում խնդիր ունես, էլ ոչ մեկը վարկ չի տալիս»,- ավելացրեց Մ. Մկրտչյանը:
Մկրտիչ Մկրտչյանը նշեց նաեւ, որ ցանկացած մարդ պետք է հայրենիքով ուրախանա, հպարտանա, կյանքը տա հանուն հայրենիքի. «Բայց թող մարդուն այն վիճակի մեջ չգցեն, որ գնան երկրից: Հայ ենք` դիմանում ենք, բայց դրան էլ չափ կա, սահման կա, բա վերջն ի±նչ պիտի լինի: Պետությունից բան չենք ուզում, մենակ թողնեն հաց ստեղծենք, ուտենք ապրենք»:
Նա պատմեց, որ գյուղերում վարկ են տալիս նաեւ երաշխավորություններով, ինչն ավելի վատ հետեւանքներ է ունենում տարիներով իրար հետ ապրող համագյուղացիների համար:
«Ժողովրդին մի 200-300 հազար դրամի համար իրար թշնամի են դարձնում, որովհետեւ եթե վարկ վերցնողը չկարողանա փակել, երաշխավորողն է փակելու: Վարկ վերցնողի հետ նրան էլ են դատի տալիս, ունեցած-չունեցածը ձեռքից վերցնում: Լավ, սաղ ծախենք տանք իրանց, բա հետո՞»,-հուսահատ եզրափակեց Մ. Մկրտչյանը:
Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ սրտի կաթվածից մահացել է Մկրտիչ Մկրտչյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել