HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

««Ասպարեզը» Հայաստանի «Հայդ պարկն» է»

2008թ-ի մարտի 19-ին, ի պաշտպանություն «Գալա»-ի եւ խոսքի ազատության, սկսվեց դրամահավաք-հեռուստամարաթոն, որն ավարտվեց մարտի 25-ին հեռուստաընկերության եւ ժողովրդի հաղթանակով: Հավաքվեց 26 մլն դրամ, որը հեռուստաընկերության հետագա անխափան գործունեության գրավականը դարձավ: Մարտի 25-ին փակվեց այն տուգանային գումարը, որը կեղծ ու չապացուցված հիմքերով նկարել էին հարկայինի օպերլիազորները: «Երկու տարի առաջ, արժանիորեն գնահատելով այդ հաղթանակը, մտահղացանք Մարտի 25-ը Խոսքի ազատության տոն ունենալ ու տոնել այդ օրը ամեն տարի,-Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ»-ում հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ բազմաթիվ հյուրերին ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը,-Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ազատ են: Հույս ունեմ, որ եթե այսօր ոչ ֆորմալ ձեւով խոսքի ազատության օրն ենք նշում` պարզապես, ապա հնարավոր է գալիք տարիներին այն վերածվի տոնի եւ նշվի պաշտոնապես»: Բոլոր ելույթ ունեցողներն էլ նշեցին, որ այն, ինչ կատարվեց 2 տարի առաջ, բոլորի հաղթանակն էր: Հատկապես կարեւորվեց «Ասպարեզ»-ի եւ Լեւոն Բարսեղյանի դերը:  ««Ասպարեզը» Հայաստանի «Հայդ պարկն» (Hyde Park) է,-սրան ի պատասխան` կատակեց Լեւոն Բարսեղյանը,- ինչ-որ մի տեղից պիտի այդ պայքարը սկսվեր, ու դա եղավ «Ասպարեզը»: Եթե ժամանակին նման շարժում սկսվեր Երեւանում, մենք չէինք կորցնի «Ա1+»-ը»: Խոսքի ազատության օրը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը որոշել էր խորհրդանշական նվերներ հանձնել իրենց ասպարեզում առավել աչքի ընկած լրագրողներին եւ լրատվամիջոցներին: Հատուկ հուշանվերներով պարգեւատրվեց Թաթուլ Հակոբյանը «Կանաչ եւ սեւ» գրքի համար, «Հետք» վեբ-կայքը` մարզային կյանքի հետեւողական լուսաբանման համար, Տաուշի մարզի լրագրող Ոսկան Սարգսյանը «Քամուտ» հը-ում, «Տեսանկյուն» թերթում, «Հետք» եւ «Տեսանկյուն» վեբ-կայքերում հետեւողական լրագրողական աշխատանքի համար, Լուսանկարիչ Գագիկ Շամշյանը` հրատապ, բացահայտող, լրագրողական լուսանկարչության համար, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Արմենուհի Վարդանյանը` «Գալա»-ում հասարակական եւ քաղաքական կյանքի լուսաբանման համար, «7 օր» վեբ-կայքը` քաղաքական ծաղրանկարների շարքի համար եւ «Լրագիր» վեբ-կայքը` հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածների շարքերի համար: Զարմանալի զուգադիպությամբ երկրորդ տարին է, Խոսքի ազատության տոնին ներկա չեն «Գալա» հեռուստաընկերության ղեկավարներն ու աշխատակիցները, թեպետ հրավիրված էին բոլորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter