
Վերաքննիչը որոշում կայացրեց հօգուտ «Կենտրոն» հեռուստաընկերության
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի գործերով որոշումն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության («Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ): Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի բողոքները՝ թողնելով ուժի մեջ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 16-ին մերժել էր հայցվոր Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով հայցվորներին անվճար հեռուստաժամ տրամադրելու պահանջի մասին հայցը:
Հիշեցնենք, որ, ըստ հայցվորների, «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի՝ 2010 թ. նոյեմբերին հեռարձակած թողարկման տեսանյութում հաղորդված փաստացի անճշտություններն արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը՝ հանրության շրջանում ձևավորելով թյուր կարծիք:
Այդ տեղեկությունները հեռարձակվել են մինչև քրեական գործով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչը նշանակում է, որ խախտվել է հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքը: Ըստ հայցվորների փաստաբան Ս. Սաֆարյանի` ՀՀ գլխավոր դատախազության պատվիրած այդ տեսանյութերը հետապնդել են երկու նպատակ` հասարակության մեջ սերմանել կարծիք, որ առաջադրվող մեղադրանքները հիմնավորված են և ազդել դատավարության ընթացքի վրա:
Մինչդեռ, իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:
Մեկնաբանել