
Վերջին օրերի ցուրտ եղանակը մեծ վնասներ է հասցրել հատկապես Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսություններին: Քանի որ այս տարի ձմեռը մեղմ էր, ծառերը ժամանակից շուտ ծաղկեցին, ինչի արդյունքում ցրտահարվել են հատկապես ծիրանի ու սալորի այգիները: Արմավիրի մարզպետարանից «Հետքին» հայտնեցին, որ ցրտահարվել են մարզի ծիրանի բոլոր այգիները` մոտ 3360 հա, ինչպես նաեւ մոտ 350 հա սալորի այգիներ:
Այդ մասին տեղյակ են պահել կառավարությանը, եւ այժմ մարզպետարանից սպասում են համապատասխան արձագանքի, որպեսզի վնասի չափը պարզելու համար միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի:
Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանն էլ ասաց, որ իրենց մարզում նույնպես ծիրան չկա: Այստեղ էլ ցրտահարվել է մոտ 3 700 հա ծիրանի այգի: Գյուղվարչության պետը հավաստիացրեց, որ իրենց մարզում մշտապես եղել են հանձնաժողովներ, եւ հիմա համայնքներում փորձում են առանձին ուսումնասիրություններ կատարել` բնության հասցրած վնասի իրական պատկերը ստանալու համար: «Պատկերն ամբողջական կլինի 2-3 օրից: Սպասենք, եղանակները կարգավորվեն, նոր պարզ կլինի»,- ասում է Տ. Վիրաբյանը:
Գյուղացիներին այժմ սպասելուց բացի այլ բան չի մնում: Թեեւ դրանից էլ օգուտ չկա, քանի որ բնական աղետներ հասցրած վնասների դեպքում Կառավարությունը ոչ մի բանով չի օգնում նրանց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել