Կենսաթոշակների կուտակային համակարգի նկատմամբ անվստահություն կա
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս կենսաթոշակների կուտակային համակարգը ոչ թե պարտադրել, այլ աշխատեցնել կամավոր սկզբունքներով, որպեսզի քաղաքացին հետագա ռիսկերն իր վրա կրի:
Հարություն Մեսրոբյանը քիչ առաջ «Հայելի» ակումբում նշեց, որ կուտակային համակարգը բազմաթիվ ռիսկեր է ներառում: «20 տարեկան երիտասարդը պետք է 20 տարի իր աշխատավարձի 5 տոկոսը տա պետությանը, սակայն պետությունը չի երաշխավորում, որ նա դրանք հետ կստանա»,- ասում է կառավարման փորձագետը:

Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը համաձայնեց, որ ռիսկեր կան, սակայն նշեց, որ դրանք կառավարելի են: «Պետությունը ուղղակիորեն չի երաշխավորում, բայց բացառվում է, որ այդ գումարները կորեն»:
Հարություն Մեսրոբյանն էլ նշեց, որ արժեթղթերի շուկան կայուն չէ, եւ տարիներ շարունակ ներդրած գումարը կարող է բոլորովին այլ արժեք ունենա 10-20 տարի անց:
Որպես կուտակային համակարգի առավելություն, ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը ներկայացրեց այն, որ պետությունն ամեն ամիս քաղաքացու կողմից ներդրած 5 տոկոս գումարի չափով ներդնելու է իր կողմից:
Իսկ տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը կարծում է, որ այդ համակարգը չի կարող գործել մի պետությունում, որը հեղինակություն չունի. «Եթե պետությունը մի բան հայտարարում է եւ կատարում է, ապա քաղաքացին կվստահի եւ կներդնի իր գումարը, իսկ մեր կառավարության բազմաթիվ հայտարարություններ չեն իրականացել, այդ պատճառով էլ այս համակարգի նկատմամբ անվստահություն կա»,- ասաց է Հարություն Մեսրոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել