
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մտահոգություններ ուներ հայ-թուրքական ներկա գործընթացի վերաբերյալ, և Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պատգամավորներին խնդրել էր գոնե մեկ վերապահում անել. Հայաստանը պետք է կարողանա միակողմանի դուրս գալ այս գործընթացից, եթե Թուրքիան ձգձգի գործընթացը:
Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Աշոտ Մելքոնյանն ասաց. «Բարեբախտաբար, և Սահմանադրական դատարանի մակարդակով, հիմա արդեն նախագահի որոշման մակարդակով այդ խնդիրը լուծվեց, և մենք գոնե միջազգային ասպարեզում այդ արձանագրությունների ձախողման պարագայում արդեն կարող ենք միակողմանի դուրս գալ: Եվ շատ հետաքրքրական է, որ Թուրքիան չէր ստորագրել 60-ականների սկզբին ստորագրված Վիեննայի մի քանի կոնվենցիաներ, որոնք նախաստորագրված պայմանագրերի վերաբերյալ որոշակի պարտավորությունների էին տալիս կողմերից որևէ մեկին: Եվ այդ իմաստով նա որևէ խնդիր չուներ այդ արձանագրությունները վավերացնելու հետ կապված: Բայց մենք, Վիեննայի այդ կոնվենցիան ստորագրելով, փաստորեն բավականին ծանր վիճակի մեջ էինք գտնվում: Բարեբախտաբար, հիմա ունենք նաև այդ խնդիրը լուծելու` օրինական, միջազգային իրավունքի սահմաններում դուրս գալու հնարավորություն»:
Բանախոսի համոզմամբ` հայ հասարակության տարբեր հատվածներ պետք է միասնական դիրքորոշում ունենան արձանագրությունների և Արցախի հարցում. եթե թուրք-ադրբեջանական ներկայիս պահվածքի պայմաններում մենք շարունակենք տարբեր մոտեցումներ հանդես բերել` որպես մեկ ժողովուրդ, ապա տանուլ կտանք:
Աշոտ Մելքոնյանի խոսքերով` այսօր սահմանի բացումը կատարվում է ուղղակի նախապայմանով, և Դավութօղլուն հայտարարում է, որ «եթե մենք արձանագրություններում բացահայտ գրեինք, որ որպես 3-րդ կողմ երկիր` նկատի ունենք հենց Ադրբեջանն ու Ղարաբաղը, ապա բնականաբար, հայկական կողմը չէր համաձայնի ստորագրել»: «Բայց մարտի 4-ը ջրի երես հանեց ամեն ինչ, և մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ, այո, նախապայմանների լեզվով է այսօր Թուրքիան մեզ հետ խոսում»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
Նա կանխատեսեց, որ Հայոց ցեղասպանության բանաձևը կամ չի մտնի ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստ, կամ էլ մտնելու դեպքում դրական լուծում չի ստանա: Նա նշեց, որ նախկինում Աֆղանստանի խնդիրը չկար, Իրաքի հասարակության մի մասը կողմ էր ԱՄՆ-ի կողմից Իրաքի ռազմակալմանը: Սակայն այսօր Իրանքի հասարակությունը հիմնականում դեմ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներկայությանը, իսկ Աֆղանստանում ԱՄՆ-ն շատ ավելի վատթար վիճակում է, քան ԽՍՀՄ-ը, և ԱՄՆ զինվորների կյանքին վտանգ է սպառնում: Ուստի, բանախոսի կանխատեսմամբ, լիագումար նիստում բանաձևի քվեարկությունը բացասական կլինի, և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակից այն կողմ որևէ բան չի լինի:
«Այն, որ վերջին քվեարկողները ուշացումով եկան և կողմ քվեարկեցին, և ընդամենը 23-22-ի հարաբերությամբ բանաձևն ընդունվեց, խոսում է այն մասին, որ վերջնագիր ներկայացվեց Թուրքիային` արձանագրությունների կապակցությամբ: Այսինքն` «այսպիսի սցենարով կարող է Կոնգրեսի լիագումար նիստը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Թուրքիայի գրգռված վիճակը խոսում է այն մասին, որ նրանք հասկանում են, որ ԱՄՆ-ն ուղղակի վերջնագիր է իրենց ներկայացրել արձանագրությունների կապակցությամբ: Այդ վերջնագիրը Ադրբեջանը ներկայացրեց Թուրքիային, Թուրքիան այն հասցեագրեց ԱՄՆ-ին, ԱՄՆ-ն, իր հերթին, հայկական բանաձևով վերջնագիր ներկայացրեց Թուրքիային»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
Պատմաբանին այս ամենը հիշեցնում է 1878-90-ական թթ.-ի Հայկական հարցի քննարկման սցենարը: «Երբ Սոլսբերին 90-ական թթ. առաջարկում է զորքեր մտցնել, Կոստանդնուպոլիսը գրավել, ռուսական դեսպանն ասում է` «կարիք չկա»: Երբ ռուսական դեսպանն է ասում` «եկեք զորք մտցնենք, Կոստանդնուպոլիսը գրավենք», անգլիացիներն են ասում` «դրա կարիքը չկա»: Շատ հետաքրքրիր զուգահեռներ կան: Հայկական հարցը ուղղակիորեն այսօր պիտի ուսումնասիրել, տեսնել` այն ժամանակ բարեփոխումների տարբերակ էր, այս անգամ էր Ինջիրլիկի ռազմաբազայի խնդիրն է և Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն է»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
Պատմաբանի կարծիքով` արդեն ներքին համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև այն մասին, որ խնդիրը չմտնի Կոնգրեսի լիագումար նիստերի օրակարգ, ինչպես դա արվեց 2007-ին և դրանից առաջ:
Միաժամանակ, անդրադառնալով Թուրքիայի` ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներին` Աշոտ Մելքոնյանն ասաց, որ 2000-ին ու 2001-ին էլ Թուրքիան Ֆրանսիային էր սպառնում, որ այլև ռազմական օդանավեր չի գնի: Սակայն 6 ամիս Թուրքիան Ֆրանսիայից գնեց այդ օդանավերը, և երկու երկրների հարաբերություններն էլ լավացան: Աշոտ Մելքոնյանը հիշեցրեց կոնգրեսականներից մեկի խոսքը. «Բաքու-Ջեյհանի մասին մտածո՞ւմ են: Ո՞վ է ապահովում Բաքու-Ջեյհանի տասնյակ միլիարդների ֆինանսավորումը: Թուրքիան կարո՞ղ է իր բանակի մոդեռնացումն ապահովել` առանց ԱՄՆ-ի ֆինանսական օգնության»:
Աշոտ Մելքոնյանը կանխատեսմամբ` թուրք-ամերիկյան հարաբերություններում ոչինչ չի փոխվի, բայց սառեցում կլինի, Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների կյանքին վտանգ կարող է սպառնալ: Հենց սա էլ, ըստ բանախոսի, ԱՄՆ-ին կստիպի նահանջել 252 բանաձևից և այն Կոնգրեսի լիագումար նիստ չմտցնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել