
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում շարունակվեց Զարուհի Փոստանջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Դատաքննության ընթացքում Ներսես Նազարյանի ներկայացուցիչ Սոնա Միքայելյանը տեղեկացրեց, որ փետրվարի 26-ին Երեւանի ոստիկանապետը որոշում է կայացրել Փոստանջյանի ներկայացրած հաղորդումները փոխանցել հատուկ քննչական ծառայությանը` հետագա ընթացքը որոշելու համար:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանությանը` 2009 թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ:
Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը գրություն էր ուղարկել պատգամավորին` տեղեկացնելով, թե ապացույցներ չեն հավաքվել, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոստիկաններին: Նաեւ նշել էր, որ ոստիկանների գործողությունները պայմանավորված են եղել հասարակական կարգը պահպանելով:
Զարուհի Փոստանջյանն այսօր դատարանում ներկայացնելով իր բողոքը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի համաձայն` հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո պետք է կայացվեր երեք որոշումներից մեկը` հարուցել քրեական գործ, քրեական գործ հարուցելը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության:
Փաստորեն` Ներսես Նազարյանը կատարել է օրենքի պահանջը միայն այն բանից հետո, երբ պատգամավորը դիմել է դատարան: Զարուհի Փոստանջյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ժամանակ ունենա Ներսես Նազարյանի կայացրած որոշմանը ծանոթանալու: Միջնորդությունը բավարարվեց դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից:
«Նախ պետք է որոշումը ուսումնասիրենք այն ստանալուց հետո, այնուհետեւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքով կարգավորվող հարաբերությունները պետք է համադրենք պարզելու համար, թե արդյոք ճիշտ է վարվել Ներսես Նազարյանը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով` ամեն դեպքում Ոստիկանության Երեւանի վարչության պետը չի կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունները: «Եթե պարզվի, որ փետրվարի 26-ի կայացրած որոշումն օրինական է, դա կնշանակի, որ Երեւանի ոստիկանապետը ընդունում է, որ ինքն անգործություն է ցուցաբերել, օրենքի մեջ չի գործել»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանը չի հավատում, որ խաղաղ ցուցարարների վրա հարձակված ոստիկանները կպատժվեն ըստ արժանվույն.
«Եթե Հայաստանի ատյաններում չկարողանանք հասնել արդարադատության, նաեւ կդիմենք Եվրոպական դատարան, որովհետեւ այստեղ խախտվել է մարդու իրավունքների հիմնարար ազատութուններից մեկը, դա երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու իրավունքն է, մի քանի անգամ տեղի է ունեցել այդ իրավունքի ոտնահարում եւ այդ իրավունքի ոտնահարման վերականգնումը դեռ տեղի չի ունեցել»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել