
Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը քիչ առաջ ինքնաբացարկի եւս մեկ միջնորդություն ներկայացրեցին դատարանին` պատճառաբանելով, որ դատարանը գործի քննությունն անցկացնում է օրենսդրության խախտմամբ:
Հարգելի դատարան, դուք ընթերցեցիք օրենքը եւ խախտեցիք այն, բայց ես չեմ կարող օրենք խախտել, Ձեր փոխարեն ես եմ հարգում այն գերբն ու դրոշը, որի տակ Դուք նստած եք»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:
Բանն այն է, որ դատարանը չէր ստացել մեղադրող դատախազի բողոքի վերաբերյալ Փաշինյանի պաշտպանների պատասխանը: Լուսինե Սահակյանը պնդեց, որ դատարանը պարտավոր է ծանոթանալ պաշտպանական կողմի պատասխանին եւ դրանից հետո միայն շարունակել դատական նիստը:
«Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, եթե մեզ մոտ կասկած է առաջանում, որ դատավորն անկողմնակալ է, մենք կարող ենք հայտնել ինքնաբացարկի միջնորդություն: Իսկ մեզ մոտ ոչ թե կասկածներ, այլ արդեն ապացույցներ կան դրա վերաբերյալ»,- նշեց Լուսինե Սահակյանը: Փաշինյանի մյուս պաշտպանը` Երվանդ Վարոսյանն ասաց, որ քանի որ դատարանը քաջատեղյակ է իր պարտականություններին եւ չի ցանկանում կատարել դրանք, ապա այն կողմնակալ է եւ չի կարող շարունակել գործի քննությունը:
Իսկ Լուսինե Սահակյանը դատարանին կոչ արեց պահպանել դատավարության գոնե ձեւական կողմը. «Ես հասկանում եմ, որ այս դատավարությունը ձեւական բնույթ է կրում, բայց գոնե ձեւական կողմը պահպանեք»: Մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը պաշտապանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ ասաց, որ այդ տրամաբանությամբ կարող է դատավարության ցանկացած փուլում դժգոհ լինելով դատարանի գործողություններից ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, ուստի միջնորդությունն անհիմն է համարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել