
«Զինվորը դիտվում է որպես ռեսուրս, ոչ թե արժեք»
Այսօր տեղի ունեցավ «Իրավիճակը հայկական բանակում» քննարկում, որը կազմակերպել էր «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը: Հանդիպմանը ներկա էին զոհված զինվորների ծնողները, ՄԻՊ գրասենյակի, դատախազության, պաշտպանության նախարարության, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ: Դահլիճի պատերի մոտ տեղադրված էին վերջին տարիներին հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների նկարները:
«Բանակն իրականում» նախաձեռնող խմբի ղեկավար Արսեն Խառատյանը նշեց, որ հանդիպման նպատակն է բանակի շուրջ վերջին շրջանում բարձրացված քննարկումները, փողոցից տեղափոխելով քննարկման սեղան, առաջարկել լուծումներ, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Բանակի խնդիրները լուրջ հարց են դարձել ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև ողջ ազգի համար: Ա. Խառատյանն առաջարկեց ստեղծել փորձագիտական խումբ, որը կհետազոտի բանակում առկա բոլոր խնդիրները, իսկ դրա շնորհիվ դրանք ավելի հեշտ և շուտ լուծում կստանան:
«Մենք այլևս չենք ցանկանում հանդուրժել մարդու իրավունքների խախտման շարանը»,-իր ելույթի սկզբում հայտարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ զինվորի իրավունքները պետք է պաշտպնված լինեն զորակոչի ժամանակ, նրա ծառայության ողջ ընթացքում, ինչպես նաև ծառայությունից հետո, մասնավորապես` ժամկետային կամ հիմնական զինծառայողմերի դեպքում: Ա. Սաքունցի խոսքերով` պաշտպանության նախարարի 2006 թ.-ի և 2010թ.-ի հրամաններում տարբեր է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում չպետք է ծառայել: Արդյունքում` բանակում ծառայում են հիվանդ զինվորներ: Ուստի՝ բանակը չի դառնում է լիարժեք ռազմական ծառայություն:
Ըստ Ա. Սաքունցի` մտահոգիչ են նաև կոռուպցիոն երևույթները: Հայտնի չէ, թե ինչպես է ղեկավարվում պետական բյուջեից հատկացած գումարը, որոշ անհատների պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով բանակում ձևավորվում են բիզնես-հարաբերություններ: Արդյունքում բիզնես շահերը գերակշռում են բանակի շահերին:
Ա. Սաքունցը առաջ քաշեց նաև ռազմական օմբուդսմենի հարցը, որը, ըստ նրա` այժմ անհրաժեշտ է և պետք է ներկայացնի առանձին և լուրջ կառույց: Ըստ Ա. Սաքունցի` ԶՈւ-ում վերահսկողությունը պետք է լինի շատ բարձր մակարդակի վրա:
Փաստաբաններ Սեդա Սաֆարյանը և Մուշեղ Շուշանյանը ներկայացրեցին զոհված զինվորների գործերի քննության ընթացքում առկա խոչընդոտները:
Ս. Սաֆարյանը նշեց, որ իրենց հաճախ չի հաջողվում գնալ դեպքի վայր և տեղում ուսումնասիրություն կատարել, իսկ Մ. Շուշանյանը հավելեց, որ իրենց մերժում են տրամադրել անհարաժեշտ նյութերը` առանց որևէ պատճառաբանության: Նրանք նշեցին, որ գործը քննում են ոչ օբյեկտիվ քննիչներ, ինչի արդյունքում գործն աղավաղվում է: Մ. Շուշանյանը հավելեց, որ իրենք տեսնում են հստակ միտում՝ գործը տանել «իրենց ցանկալի ուղիով», որ այն չբացահայտվի և, ինչպես միշտ, որոկավորվի որպես ինքնասպանություն: Բացի այդ` հիմնականում այդ գործերը հարուցվում են ոչ թե սպանության մեղադրանքի հոդվածով, այլ, օրինակ, ինքնասպանության դրդել, զենքը ոչ ճիշտ օգտագործել և այլն:
Ս. Սաֆարյանը հավելեց, որ իրականում զոհված զինվորների ծնողները «հետ բերելու ոչինչ չունեն», պարզապես ուզում են իմանալ իրենց զավակների մահվան իրական հանգամանքները:
«Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ-ի զինված ուժերում պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուր զինծառայող, և այս հարցն ունի ոչ թե քաղաքական երանգ, այլ դա ազգային նշանակության խնդիր է: ՀՀ իշխանություններն այս հարցում պետք է դրսևորեն քաղաքական կամք:
Իսկ փաստաբան Վահե Գրիգորյանն առաջ քաշեց մասնագիտական բանակի ստեղծման հարցը, որի արդյունքում բանակում զոհերը կլինեն շատ ավելի քիչ: Իսկ եթե անգամ դա հնարավոր չէ, ապա դրա համար պետք է լինեն լուրջ հիմավորումներ:
Ըստ նրա` բանակում պետք է տղաների նման պարտադիր ծառայեն նաև իգական սեռի ներկայացուցիչները, այլապես դա իրավունքների խախտում է և սեռական խտրականություն:
Վ.Գրիգորյանի կարծիքով` բանակում պետք է լինի քաղաքական չեզոքություն, ինչն այժմ բացակայում է: Նախ, ՀՀ զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը` ՀՀ նախագահը, միաժամանակ իշխող կուսակցության ղեկավարն է: Իսկ ընտրությունների ժամանակ զինծառայողներին միշտ օգտագործում են քաղաքական շահերի համար: Ըստ նրա` «զինվորը դիտվում է որպես ռեսուրս, ոչ թե արժեք»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել