
ՀՀ Քաղծառայության պետ Մանվել Բադալյանը «Արցախ» ակումբում հայտարարեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը դեռեւս պաշտոնանկ չի արվել. «Ընդամենը բարձրաձայնվել է աշխատակազմի ղեկավարի աշխատանքներում որոշակի խնդիրների մասին, ավելին ասեմ` քաղծառայության խորհուրդը մինչ օրս պաշտոնապես միջնորդություն չի ստացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին»,- ասաց Մանվել Բադալյանը:
Նշենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին թերացումների մասին հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ օրենքով նախատեսված կարգով քաղծառայության խորհրդին միջնորդություն կներկայացվի տվյալ քաղծառայողին պաշտոնանկ անելու վերաբերյալ:
Քաղծառայության պետ Մանվել Բադալյանը, ի պաշտպանություն աշխատակազմի ղեկավարների, նշեց, որ նրանցից շատերը նույն պաշտոնն են զբաղեցնում տարիներ շարունակ, մինչդեռ բազմաթիվ նախարարներ են փոխվում: Մանվել Բադալյանի խոսքով` քաղծառայողները պաշտպանված են օրենքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել