
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի համասեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պատկանող տունը, հողամասն ու խանութը օտարվել է հանուն «բացառիկ, գերակա հանրային շահի»` առանց համարժեք փոխհատուցման: Արդյունքում տարիներ անց Եվրոպական դատարանը եւս մեկ վճիռ կկայացնի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Այսօր «Արմատ» ակումբում Հովհաննես Ղուկասյանն ու փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեցին գործի մանրամասները: Աբովյան 4 հասցեի «Միլանո» խանութը, նրա հարեւանությամբ գտնվող երկու շինությունները 2006 թվականին օտարվել են «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին: Վերջինս բանակցել է սեփականատես Ղուկասյանի հետ, միեւնույն ժամանակ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտադրել Ղուկասյանին պայմանագիր կնքել:

«Դատարանն առանց ինձ ծանուցելու դատական նիստ է նշանակել եւ մեկ օրում, 25 րոպե տեւած դատական նիստի ժամանակ բավարարել է հայցադիմումը:25 րոպեում նույնիսկ հնարավոր չէ ծանոթանալ գործին, փաստորեն` ֆիկտիվ դատավարություն են արել»,- ասաց Հովհաննես Ղուկասյանը:
«Միլանո» խանութի շենքում Հովհաննես Ղուկասյանը 2 հարկ օրինական սեփականություն է ունեցել` հաստատված փաստաթղթերով: «Սակայն դատարանը դիմել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որն էլ տեղեկանք է տալիս, թե 2-րդ հարկի վերաբերյալ իրենք տեղեկություններ չունեն: Դատարանն էլ որոշել է փոխհատուցել միայն մեկ հարկի համար` 200 մլն դրամ»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով` փոխհատուցումը մոտավորապես 2 անգամ պակաս է մեկ հարկի իրական արժեքից: Ղուկասյանը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ դատարանում եւ մերժվել, իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես բողոքը վարույթ չի ընդունել: Փաստաբանի կարծիքով` այդպիսով Վճռաբեկ դատարանը խուսափել է պատասխանատվությունից:

«Այս գործը հայտնվելու է Եվրոպական դատարանում եւ մեծ հավանականությամբ վճիռ է լինելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունում գործը, որպեսզի հետագայում այդ ապօրինի դատական ակտերի համար պատասխանատվությունը չընկնի իր վրա»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նա ցավով նշեց, որ Հայաստանի Հանրեպատության պետական բյուջեն հերպական անգամ մեծ վնասներ է կրելու նրա համար, որ էլիտար շենք կառուցող ընկերությունը առանց մեծ գումարներ ծախսելու կարողանա խլել ուրիշի սեփականությունը:
Փաստաբանը ներկայացրեց նաեւ մեկ այլ անօրինականություն. «Շինություններից մեկի վերաբերյալ դատական վճիռն արդեն մեկ տարի մտել է օրինական ուժի մեջ, եւ այժմ Ղուկասյանին պետք է փոխհատուցում տան, սակայն դատարանը չի ցանկանում իր դեպոզիտ հաշվի վրայից գումարը փոխանցել: Մենք դիմել ենք այստեղի դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որպեսզի պետական բյուջեից բռնագանձվի այդ գումարի վրա հաշվարկվող տոկոսները»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հովհաննես Ղուկասյանն արդեն դատական ակտերի հարկադիր կատարողներից
ծանուցում է ստացել, որ վերջիններս պետք է ի կատար ածեն դատարանի որոշումը` այսինքն Ղուկասյանին վտարեն իր հայրական տնից եւ քանդեն «Միլանո» խանութի շենքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել