
Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվեն նորմալ տնտեսական եւ առեւվտրային հարաբերություններ, ապա Հայաստանը կարող է մաս կազմել դեպի Թուրքիա իրանական գազի արտահանման ծրագրերում: Այս կարծիքը հայտնեց «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա պարզաբանմամբ` իրանական գազը Թուրքիա է գնալու ոչ մեկ ճանապարհով. Թավրիզ-Էրզրում գազատարն ունի ընդամենը 17 մլրդ խորանարդ մետր տարածման հնարավորություն, որը բավարար չէ, որպեսզի Իրանը միանա «Նաբուկո» գազատարի նախագծին, քանի որ այդ դեպքում տարածման հնարավորությունները պետք է լինեն մոտ 80 մլրդ խորանարդ մետր: Եվ բավականին լավ հնարավորություն կա, որպեսզի Հայաստան-Իրան գազատարը շարունակվի դեպի Էրզրում, որը դառնալու է տարածաշրջանի ամենախոշոր էներգետիկ կենտրոնը: Այդ տեսակետից Հայաստանը կարող է մասնակից դառնալ այս տարածաշրջանային խոշոր նախագծին»,-կարծում է «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը:
Մեկ այլ դիտանկյունից փորձագետը նշում է, որ այդ գազատարը Հայաստանը կարող է օգտագործել ոչ թե Թուրքիա էներգիա վերարտահանման համար, այլ էլեկտրաէներգիա արտադրելու եւ կրկին դեպի Թուրքիա արդեն էներգիա արտահանելու համար: Ինչը, նրա կարծիքով, բավականին շահավետ կլինի Հայաստանի համար:
«Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Հայաստան-Իրան գազատարը գործում է, սակայն Հայաստանը չունի շուկա այդ էլեկտրաէներգիան սպառելու համար: Եթե մեզ համար բացվի թուրքական շուկան , ապա մենք կարող ենք այն օգտոգործել հայկական էլեկտրաէներգիան վաճառելու համար,-ասում է բանախոսը և շարունակում,- իսկ եթե նաեւ հաշվի առնենք այն, որ շուտով կգործադրվի Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը` շուրջ 4050 ՄՎՏ հզորությամբ, ինչը հզորությամբ մոտ է Ատոմակայանի հզորությանը, Հայաստանը մեծ պոտենցիալ է ձեռք բերում տարածաշրջանում էներգիայի բիզնեսով ազդեցիկ դիրք գրավելու մեջ: Ակնհայտ է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ հեռանկարներ ունի տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում»:
«Այդ դեպքում, ի՞նչն է ստիպում ՀՀ կառավարությանը պարբերաբար թանկացումներ կատարել գազի եւ էլեկտրաէներգիայի գներում» լրագրողների հարցին Սեւակ Սարուխանյանը պարզաբանեց. «Բանն այն է,որ էներգակիրը, որից մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա` մերը չէ, այն ներկրվում է: Էլեկտրաէնեգիայի միակ մասը, որն արտադրվում է մեր ռեսուրսներով հիդրոէլեկտրաէներգիայի կողմից արտադրված հզորություններն են: Իսկ այդ էներգակիրների գները թանկանում են: Նույն խնդիրը կա նաեւ Թուրքիայում, այնտեղ էլ այս տարի կտրուկ գների աճ է տեղի ունեցել: Փաստորեն տուժում են այն երկրները, որոնք չունեն այդ էներգակիրները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել