
«Շատ դեպքեր են լինում, երբ թեև չունենք կոնկրետ ապացույցներ, սակայն հիմնավոր կասկածներ ունենք, որ այս կամ այն գործն առանց կաշառակերության չի ընթացել»,- «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց իրավաբան-փորձագետ Հայկ Հարությունյանը:
Վերջինի խոսքով` կաշառակերությունը, որպես տարածված երևույթ, մասնավորապես տարածված է նաև դատական համակարգում և նման իրավիճակների հետ շփվելու առիթներ, այսպես թե այնպես, լինում են:
«Մենք դրան միայն մի բանով կարող ենք հակադրել` մեր պրոֆեսիոնալ աշխատանքով: Երբ մենք հետևողականորեն ցանկանում ենք իրականացնել հզոր պաշտպանություն` մեր հաճախորդի շահերի համար, մենք ինչ որ տեղ կարողանում ենք դիմակայել այն կոռուպցիոն ռիսկերին, որոնք, ինչպես հաճախ զգում ենք, գործադրվում են մեր հակառակ կողմից»,- ասաց նա:
Փորձագետը համոզված է, որ կաշառակերության դեմ պայքարել հնարավոր է: Սակայն, նրա խոսքով, հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր հուսալքվել են և համարում են, որ կաշառակերությունը անխուսափելի չարիք է, որ հնարավոր չէ վերացնել, և որի դեմ հնաավոր չէ պայքարել:
«Ես այդպիսի հայացքները չեմ կիսում: Իմ կարծիքով` կաշառակերության դեմ պայքարելու էֆեկտիվ հնարավորություններ կան, և դրա ամենակարևոր տարրերից մեկն էլ հավատն է, որ կաշառակերությունը հաղթահարելի է»,- ասաց նա` շեշտելով, որ կաշառակերության դեմ պայքարում շատ մեծ է լրագրողների դերը, որովհետև լրագրողները կարող են լուսաբանել կաշառակերության դեպքերը:
Իրավաբանի կարծիքով` կաշառակերության նկատմամբ արտաքին վերահսկողության ամենակարևոր մեխանիզմներից մեկը լրագրողների կողմից հասարակության մեջ տեղի ունեցող երևույթների լուսաբանումն է:
Հ. Հարությունյանը շատ է կարևորում նաև պայքարը կաշառակերության պատճառների դեմ:
«Հայաստանում կաշառակերության դեմ պայքարը շատ մեծ խոչընդոտ ունի, որը կայանում է նրանում, որ կաշառակերությունն այս կամ այն իրավիճակում գրեթե ձեռնտու է գրեթե ցանկացած անձի: Օրինակ, շատ վարորդներ կան, ովքեր խախտում են անում, և մտածում, որ կարելի է կաշառք տալ և այդ գլխացավանքից պրծնել»,- ասաց նա:
Իրավաբանի բնորոշմամբ` «կոռուպցիան առհասարակ պաշտոնական դիրքի օգտագործումն է` մասնավոր շահերից ելնելով»: Ըստ նրա` շատ հաճախ Հայաստանում կոռուպցիան նեղ իմաստով են հասկանում` կաշառք տալ-վերցնելու իմաստով: Սակայն կոռուպցիան ավելի լայն երևույթ է:
«Լինում են դեպքեր, երբ մարդիկ կաշառք են տալիս ու բռնվում են: Այնուհետև նույն մարդիկ կաշառք են տալիս ու ազատվում: Սա այն դասական դեպքն է, երբ կաշառակերության դեմ պայքարողները կաշառքով ներում են կաշառքը»:
Հ. Հարությունյանը նշեց, որ եթե պետությունն իրոք ցանկանում է պայքարել կաշառակերության դեմ, ապա առաջին հերթին պետք է հետևի, որպեսզի պետական պաշտոնյաներն իրենք հետևեն օրենքներին ու կանոներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել