
ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր ասաց, որ Ազգային Ժողովում ի դեմս Դաշնակցության եւ որոշ դեպքերում նաեւ «Ժառանգության»` քաղաքակիրթ պայքար է ընթանում: «Հետքի» այն հարցին, թե արդյոք այդ քաղաքակիրթ պայքարի շրջանակներում տեղավորվում է այն, որ ՀՀԿ-ական պատգամավորները ռեպլիկներ էին անում Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ, Շարմազանովը պատասխանեց.
«Ռեպլիկներ չեն եղել, հայհոյանք չի եղել, ես այնտեղ եմ եղել: Չանդրադառնանք դրան, քանի որ մյուս կողմը կին է եւ պատրաստվում է նոր զավակ պարգեւեել մեր երկրին»:
Շարմազանովը կարծում է, որ ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն. «Ժամանակն է, որպեսզի ունենանք ուժեղ ընդդիմություն, դա օդից չի գալիս, ուժեղ ընդդիմությունը պետք է քաղաքական պայքարում երեւա:
Այսօր պառլամենտում ձեւավորվում է մի նոր ավանդույթ, երբ ընդդիմությունն ու իշխանությունը չեն գնում իրար ոչնչնացնելու ճանապարհով: Հիմա որ ասեմ` կարող են ասել Շարմազանովը դաշնակցականներին գովեց: Ես իմ կարծիքն եմ ասում` ընդդիմությունը պետք է լինի կառուցողական»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` այսօրվա ընդդիմադիր ուժերը` Դաշնակցությունը, Կոնգրեսն ու «Ժառանգությունը», արդեն պատրաստվում են հետագա Ազգային Ժողովի ընտրություններում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները վաստակելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել