
Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչության մի զգալի հատվածը չի կարողանում մարել վերցրած վարկերը: Մի մասը վարկի դիմաց տունն է գրավ դրել, մյուսներն էլ` հողամասերը: Գյուղացիները չէին ցանկանում խոսել այդ մասին. դժվարությամբ, բայց մի քանիսը համաձայնվեցին պատմել, թե բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցրած վարկն ինչ նպատակով են ծախսել: Երբ Երեւան էի վերադառնում` ճանապարհին էի, նրանցից մի քանիսը զանգահարեցին ու խնդրեցին նյութերը չտպագրել: Սկզբում փորձում էին բացատրել, որ դրանք իրենց համար «անվնաս» են: Սակայն, հեռախոսի մյուս կողմում գտնվող կանայք լացակումած ասում էին, թե իրենք երեխա ունեն եւ վախենում են նրանց կյանքի համար:
Մեր զրույցի ժամանակ ընտանիքի տղամարդիկ իրենց վարկերի տակ ընկնելու մեղքը բարդեցին հանրապետության ղեկավարության, ինչպես նաեւ` իրենց մարզից ընտրված Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի վրա: Կանայք հենց վերջինից էլ վախենում էին: «Եթե երեխուս գլխից մի մազ պակասեց, քո խղճի վրա է մնալու: Իմացի` քո մայրն եմ ու խնդրում եմ քեզ` երեխեքիս մի վնասի: Ձայնագրությունն էլ ջնջի, որ դրանց ձեռքը չընկնի»,- հեռախոսով խնդրում էր Վերին արտաշատցի մի կին, ում ընտանիքը նույնպես վարկի տակ էր, իսկ ամուսինը անգործության համար մեղադրել էր Հովիկ Աբրահամյանին: Այդ կնոջը խոստացանք, որ չենք հրապարակի իրենց մասին, բայց, քանի որ Արտաշատ-Երեւան ճանապարհահատվածին գտնվելու ընթացքում մի քանի ընտանիքներից ստացանք նմանատիպ զանգեր, հրապարակում ենք նրանցից մեկի պատմությունը` առանց անունները նշելու:
Գյուղացիները վախենալու եւս մեկ պատճառ ունեին: Վերին արտաշատցիների պատմելով` օրեր առաջ իրենց համագյուղացի Նվերը հեռուստաընկերություններից մեկի լրագրողին ներկայացրել է նույն դժգոհությունները ու թվարկել պաշտոնյաների անուններ: 1-2 օր հետո «անհայտ մարդիկ» ծեծի են ենթարկել Նվերին: Իհարկե, այս փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել եւ, բնականաբար, չի էլ հարուցվի:
Մեր առաջին զրուցակիցը շատ համարձակ էր ու առանց վախենալու պատմեց, որ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից 1 միլիոն 800 հազար դրամ վարկ է վերցրել, որպեսզի 2500 մետր խաղողի այգի հիմնի: Նա այդքան խաղողի այգի էլ մի քանի տարի առաջ էր հիմնել եւ վարկի օգնությամբ ցանկացել է ընդլայնել իր տնտեսությունը: «Խաղողի այգու մեկ շպալը 1000 դրամ է, լարերն էլ թանկ էին, ու ստիպված վարկ վերցրի: 2008 թվականին շատ լավ էր, մենք երբեք չենք խեղճացել, որովհետեւ վրացիները գալիս, խաղողը տանում էին, մենք էլ մեր վարկերն էինք փակում: Մայիս ամսին 1 միլիոն դրամից ավել վարկի գումար պետք է փակեմ: Ընդհանրապես հողի վարձ չենք կարողանում տալ: Չենք հրաժարվում, բայց չենք էլ կարողանում տանք: Ամոթից գյուղամեջ էլ դուրս չենք գալիս, որ պարտքատերերին չհանդիպենք: Չեմ լացում, բայց այսօրվա դրությամբ, եթե հողի հարկ տամ, ընտանիքս չեմ կարող պահեմ»,- պատմում էր մեր զրուցակիցը:
Նրա ասելով` վարձավճարների պատճառով գյուղապետի ու հարկ հավաքողների հետ թշնամի է դարձել: «Էլ չեմ ասում ոռոգման ջրի վարձերի մասին, որը նույնպես մեծ պրոբլեմ է: Գյուղապետարանում էլի զիջումներ անում են, բայց ջրային տնտեսությունը մի անբարոյական կազմակերպություն է: Ամբողջ տարվա մեջ 2 անգամ եմ այգիս ջրել, բայց ինձանից 8 անգամվա վարձ են ուզում: Ասում են` կապ չունի, թե ինչքան էս ջրել, պիտի 8 անգամվա վարձ տաս: Շաբաթը մի անգամ դատարանից թուղթ է գալիս, թե գործը մտցնում ենք դատարան: Էլ իմ ապրելն ում է պետք: Ավելի լավ չի՞` դատարանի մեջ դրանց ղեկավարին մի բան անեմ, ես էլ հետը գնամ սատկեմ, թե չէ` սա ի՞նչ ապրել է` պարտքերի պատճառով վարկաբեկված ամբողջ կյանքս պիտի ապրեմ»,- ավելացրեց Վերին Արտաշատում ապրող մեր զրուցակիցը, որի անունը չենք հրապարակում` նրա կնոջ խնդրանքով:
Մեկ այլ զրուցակից էլ ասաց, որ գյուղացին չլինի, երեւանցիները կգոյատեւեն ընդամենը 13 օր ու դրանից հետո կսկսեն իրար միս ուտել: Նա վիրավորված էր, որ երեւանցիներն էլ գյուղացիների թիկունքին չեն կանգնում, ու իրենք ամբողջությամբ մենակ են:
«Ախր մեկը չկա, որ գյուղացու թիկունքին կանգնի: Բա ապրում եմ, որ մեր դեպուտատների փորը լցնելու համար միրգ աճեցնե՞մ: Պարոն վարչապետ, պարոն նախագահ, պարոն Ազգային ժողովի նախագահ, բա ինչի՞ մեզ չեք աջակցում, որ այս ծանր վիճակից դուրս գանք»,- ավելացրեց նա:
Զրուցակիցներիս նման շատ գյուղացիներ, չկարողանալով խաղողն արտահանել Վրաստան, մինչ օրս այն պահել են սառնարաններում` հույս ունենալով, որ կառավարությունը գոնե այս հարցում կաջակցի իրենց:
Վերին արտաշատցիներն անհամբերությամբ սպասել են, որ 2 օր առաջ Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետի հետ բանակցություններ կվարվեն, որպեսզի խաղողի արտահանման խոչընդոտներ այլեւս չլինեն:
«Հովիկ Աբրահամյանը կարող էր Վրաստանի վարչապետի առաջ հարց բարձրացնել, որ մեր խաղողը կարողանանք իրացնել: Ամբողջ Հայաստանը լցված է Վրաստանի մանդարինով ու զիբիլ ապրանքներով: Էդ ո՞նց է նրանց ապրանքը կգա Հայաստան, բայց մերը չեն ընդունում: Ախր մենք ամեն անգամ դոշ տված Հովիկ Աբրահամյանին ենք պաշտպանել: Ինքը պետք է հարց բարձրացներ, որ չթողեն վրացական միրգը մտնի Հայաստան: Հենց այդ պատճառով է, որ այսօր ամոթից գյուղամեջ դուրս չեմ գալիս: Սխալ բան չեմ խոսում: Հասկացանք` վարչապետը, նախագահը մեր մասին չեն մտածում, բա մեր հող ու ջրի մարդն էլ չմտածի՞»,- ասաց զրուցակիցս:
Գյուղացիները պահանջում են, որ կառավարությունը մինչեւ գյուղատնտեսական աշխատանքների սկսվելը մի քանի ամսով վարկերը սառեցնի: «Տղամարդ եմ, բայց չեմ ամաչի, գարունը կբացվի, գոգնոցը կկապեմ, կգնամ դաշտերը բանջար կհավաքեմ, կտանեմ, շուկայում կծախեմ: Կոպիտ եմ ասում, բայց էլ տեղ չեն թողել: Գիտեմ, որ դուք էլ եք տանելու ջնջեք, ու ասածս տեղ չի հասնելու, բայց ասեցի` սիրտս հովացավ»,- ասաց նրանցից մեկը:
Հ.Գ. Հուսով ենք` այս հրապարակումից հետո ինչ-որ զինված բանդաներ չեն գնա այդ գյուղ եւ հաշվերհարդար տեսնեն այդ գյուղացիների հետ: Միաժամանակ առաջարկում ենք ճգնաժամի դեմ «պայքարի դուրս եկած» զանազան պաշտոնյաներին այցելել այդ գյուղեր: Հավատացեք, հնարավոր է օգնել նրանց, մի թողեք մարդիկ այսչափ հուսալքվեն, դուք նրանց հաշվին եք փող աշխատում: ժամանակն է դա էլ հասկանալ, դատարկված Հայաստանում ո՞ւմ վրա եք իշխելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել