
Սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արշակ Ղազարյանն անհանգստացած է, որ գյուղը դատարկվում է երիտասարդներից եւ ծնելիություն չկա: Բայց նա գյուղը լքողներին չի մեղադրում, քանի որ սոցիալ-կենցաղային պայմաններն են այդպես թելադրում: «Շատ վտանգավոր է սահմանի վրա աղքատ գյուղ ունենալը: Գտնում եմ, որ սահմանամերձ գյուղերը ռազմավարական նշանակություն ունեն հանրապետության համար: Եթե այսպես սահմանը դատարկենք` ո՞ւր ենք հասնելու: Մենք ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղ ենք համարվում: Եթե այս տենդենցը շարունակվի եւ պայմաններից ելնելով` մարդիկ լքեն գյուղը, կգա ժամանակ, որ այս հողերն էլ կտանք թուրքերին»,-անհանգստացած է Ա. Ղազարյանը:
Դպրոցի տնօրենի կարծիքով` պետք է որոշ արտոնություններ տան սահմանին մոտ գտնվող գյուղերին: «Հողի, ջրի վարձավճարները շատ թանկ են, մարդիկ ստիպված թողնում են իրենց ապրուստի միջոց հողը ու չեն մշակում: Գյուղի տրանսպորտային վիճակը նման է 60-ական թվականների տրանսպորտի վիճակին: Այն ժամանակ էլ օրը մեկ անգամ էր աշխատում, հիմա էլ նույն վիճակն է: Ցանկացած մարդու հարցրեք` 1 «գազել» է օրական աշխատում: Մենք հաշվել ենք, մի գազելի մեջ 30 մարդ է նստում: Շախմատի ձիու նման մարդիկ կռացած գնում-գալիս են: Շատ ենք բողոքել, բայց ոչ մեկ ուշադրություն չի դարձրել»,-ասաց Ա. Ղազարյանը: Նրա ներկայացմամբ, Երվանդաշատ եւ Բագարան գյուղերից մոտ 40 ուսաողներ կան, որոնք սովորում են Երեւանում եւ նրանք շաբաթվա վերջին չեն կարողանում գյուղ գալ, որովհետեւ «գազելը» այդ օրերին գրեթե չի աշխատում:
«Եթե այսպես շարունակվի, պարզ է, որ գյուղում մարդ չի մնա: Գյուղի երիտասարդությունը ոչ մի բանով չի զբաղվում: Ասենք` ի՞նչ կա, որ զբաղվի էլ: Պատերի տակ նստած կամ նարդի, կամ թղթախաղ են խաղում: Ժողովուրդը պարտքերով է ապրում, գարունն էլ աշխատում, պարտքերն է փակում»,- ավելացրեց Ա. Ղազարյանը:
Գյուղացիներն էլ դժգոհեցին, որ գյուղը շատ հեռու է եւ սեզոնին ոչ մի առեւտրական չի գալիս գյուղմթերք գնելու: «Անցյալ տարի ծիրանի կիլոգրամը 20 դրամով են եկել տարել: Գործարանները բերքը չեն ընդունում, իսկ ընդունելուց էլ` ամիսներով մարդկանց գումարները չեն տալիս»,- ավելացրեց դպրոցի տնօրենը:
Թեեւ 2 գյուղերի բնակիչներն էլ դժգոհում էին տրանսպորտից, փոխարենը Երվանդաշատի եւ Բագարանի գյուղապետերը միաբերան պնդում էին, որ օրական աշխատում է 2 «գազել» եւ ուղեւորները դժգոհ լինել չեն կարող:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել