
«Էրեխեքն էնքան էլ շատ էին սիրում մորը»
Իր երկու երեխաներին սպանած Ռոզա Ալոյանի ամուսնու տանն այսօր երեխաների ինքնահողի արարողությունն էր: Տան դուռը բաց էր, իսկ հարեւանները մի տեսակ տարակուսանքով էին անցնում այդ դռան մոտով: Նախապես իմանալով, որ այս պահին նրանք որեւէ լրագրողի հետ չեն խոսի, ավելին` տանից դուրս կանեն, ներկայացա որպես քաղաքացի, ով ուզում է ցավակցել նրանց:
Կիսախարխուլ տան հյուրասենյակում հավաքվել էին տղամարդիկ, իսկ կանայք շրջապատել էին երեխաների տատիկին` ննջասենյակում: Երեխաների հայրը` Գարիկը, դիմավորեց ինձ եւ միանգամից թաքնվեց կողքի սենյակում: Նա կարծես թե ոչ ոքի տեսնել չէր ուզում…ամաչում էր:
Հասկացա, որ որեւէ մեկի հետ խոսել հնարավոր չէ, ցավակցեցի ու դուրս եկա: Ինձ համար դեռեւս հարց էր, թե ի՞նչն էր դրդել 34-ամյա կնոջը դիմել նման սարսափելի քայլին: Այցելեցի նրա ընկերների բնակարան: Նրանք այն մարդիկ էին, որ հետաքրքրված էին նրանով. վերջին անգամ տեսել էին նրան ու գիտեին Ռոզայի բոլոր խնդիրների մասին:
Ռոզա Ալոյանի ընկերները հավաքվում են մասիվում տուն ստացած Հերմինե Ասատրյանի մոտ: Մանկատան նույն սերնդի ավարտածները հենց այս տանն են խոսում, պատմում իրենց խնդիրների, դժվարությունների ու հաջողությունների մասին:
Ընկերները Ռոզային Ջոհաննա էին անվանում. դա դեռ հին ժամանակներից մնացած նրա կեղծանունն էր: Այս դեպքից դեռ օրեր առաջ` Ռոզան հերթական անգամ այցելել էր ընկերներին: Նա իր հետ տարել էր նաեւ երեխաներին: Այս հանդիպմանը ընկերները Ռոզայի մոտ տարօրինակություններ են նկատում.
«Մի 10 օր առաջ ասաց` ուզում եմ էրեխեքիս սպանեմ, ինձ էլ սպանեմ պրծնենք: Ես դե մտածեցի նեղվել ա, ասում ա: Բայց հենց էդ սպանության օրը իր սկեսրոջ ծննդյան օրն էր: Ես ամուսնուն տեսա, խմած էր, ուզում էի մոտենալ, ասել` գնա էրեխեքիդ տեր կանգնի է…»,- պատմում է Հերմինե Ասատրյանը:
Հերմինեն նշում է, որ Ռոզայի այս արարքի միակ պատճառ կարող էր հանդիսանալ նրա մենությունը. «Ինքն ավելի շատ շփումից էր բողոքում: Ասում էր առաջին շաբաթը գնացել ա Արարատ, հարեւանի դուռը ծեծել ա, հարեւանն իր առաջ դուռ չի բացել… հետո ի՞նչ մանկատան էրեխա էր: Ինքը մենակ էր, ամուսինն էլ մեկումեջ փող էր ուղարկում, բայց ինքն ամբողջովին մենակ էր: Էս վերջերս ինչքան հանդիպել ենք, ինքը մի տեսակ տարօրինակություններ ուներ. կնստեր, մեկ էլ կանջատվեր ու կլռեր»,- պատմում է Հերմինեն:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռոզան Երեւանում ապրելու վայր էր փնտրում, որպեսզի շփումը մեծացներ մանկատան մյուս ընկերների հետ: Դիմել էր ընկերներին ու ծանոթներին` ապաստան ստանալու խնդրանքով, սակայն ոչ ոք նրան չէր օգնել. «Մեր էրեխեքից մի քանի հոգու խնդրել էր իրենց տանն ապրել, մերժվել էր, քանի որ նրանք էլ ընտանիք ու դժվարություններ ունեին: Ես առաջարկեցի իմ տանն ապրել, ասաց՝ չէ, շուն ունես, երեխաները կվախենան»,- շարունակում է Հերմինեն:
Այն վարկածը, թե Ռոզան «Եհովայի վկաներ» աղանդի անդամ էր, նրա ընկերները հերքում են. «Չէ, էդպիսի բան չկար: Ինքն ընդհանրապես Աստծուն չէր հավատում, ասում էր Աստված չկա, եթե լիներ, կօգներ ինձ… Ասեցի էդպես մի ասա Ջոհաննա, Աստված երկու սիրուն երեխա ա քեզ տվել… Տղեն ասում էր` մեծանամ, պապայի նման եմ դառնալու»,- ասում է ընկերուհին:
Ռոզան շատ էր բողոքում նաեւ իր ամուսնական կարգավիճակից. «Ասում էր ինչի՞ են էն մի հարսին էդքան լավ վերաբերում՝ ինձ չէ: Ես մանկատան էրեխա եմ, դրա համա՞ր»,- Հերմինե:
Նա ամուսնու հետ ծանոթացել էր Հերմինեի միջոցով` մոտ 10 տարի առաջ: Ռոզայի ամուսինը Հերմինեի ընկերոջ ընկերն էր: Երկար ժամանակ միասին ապրելուց հետո` մոտ 3 տարի առաջ նա բաժանվում է ամուսնուց. «Երբ իրեն Արարատում տուն տվեցին, ամուսինն էլ չմնաց իրենց հետ»,- բաժանության պատճառ է համարում Հերմինեն:
Հերմինեն կարծում է, որ մեծ տղային Ռոզան սպանելուց առաջ բռնության է ենթարկել. «Ում տուն որ եկել ա, պատմել ա, որ ուզում էր խեղդեր, էրեխեքն արթնացել են: Երեւի սկզբից մեծն ա արթնացել, հետո մեծի ձենից նաեւ փոքրը: Սկզբից փոքրին կախել ա, իսկ մեծին դեմքից երեւում էր, որ ծեծելով ա կախել. դեմքին կապտուկներ կային»,- ասում է նա:
Երբ Ռոզան բողոքել էր սոցիալական ծանր պայմաններից, Հերմինեն նրան նախատել էր, թե «երկրորդին ինչու ես ունեցել, մեկը հերիք էր»: Ռոզան նշել էր. «Երկրորդին էլ ունեցել եմ, որ խաղան իրար հետ»:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել