
Արդեն որերորդ անգամ «Հետքի» խմբագրություն այցելած Պարույր Գուլգուլյանը հուսահատված հոգեվիճակում էր, մեկ առ մեկ նշում էր այն մարմինները, որոնց նա դիմել է, եւ իր խնդրանքը չի բավարարվել: «Բոլորին կուրացրե՞լ են Արարատի փողերը, եթե ես փող չունեմ, չի նշանակում, որ ինձ հետ կարող են վարվել ինչպես ուզում են, ես թասիբ ունեմ»:
Պարույր Գուլգուլյանը կրկին դիմել է Վերաքննիչ դատարան, քանի որ վստահ է, որ
իր գործով գոյություն ունեն նոր երեւան եկած մի շարք ակնհայտ եւ անժխտելի հանգամանքներ, որոնք նա մանրամասնորեն ներկայացրել է իր դիմումում:
«Ես չեմ ուզում, որ մարդիկ բերդ նստեն, թող ինձ իմ փողը վերադարձնեն, ես էլ ոչինչ չեմ պահանջի: Ես ապրել եմ ուզում, բայց ինձ կյանքից զրկում են, ի՞նչ տարբերություն` դանակով խփելով են սպանում, թե՞ թողնում են, որ աստիճանաբար մահանամ»,- հարցնում է Գուլգուլյանը: Իրավական քաշքուկի արդյունքում նա բաժանվել է ընտանիքից եւ այժմ մշտական բնակության վայր չունի, դատարան եւ այլ մարմինների ուղարկած դիմումներում որպես հետադարձ հասցե նշում է «Հասցե` Երեւան 10` ցպահանջ»:
«Ինձ ասում են` դիմի Եվրոպական դատարան, եւ ես դիմելու եմ, բայց ոչ Հայաստանից: Կգնամ այստեղից մեկ այլ երկիր եւ որպես փախստական կդիմեմ Եվրոպական դատարան, մեր կառավարությունից հսկայական գումարներ կպահանջեմ եւ իմ երկրում մի ներդրում կանեմ: Թող ինձ խփեն-սպանեն, բայց գոնե Հայաստանի դատական համակարգում մի փոքր բարեփոխում կլինի»,- ասում է Պարույր Գուլգուլյանը:
Քաղաքացին ամեն կերպ փորձում է իր բողոքը հասցնել Հանրապետության նախագահին, սակայն մինչ օրս չի հաջողվել: «Երբ զանգում եմ, նախագահականի աշխատակիցները տեղում չեն, Հանրային խորհուրդը բողոքս տեղ չի հասցնում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը միայն դիմում-բողոքներն է հաշվում, բայց դրանց լուծում չի տալիս»,- նշում է Գուլգուլյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել