
«Կարծում եմ` դրանք գլխավոր հարվածը ուղղելու են լցոնումների վրա, այլ ելք նա չունի, որովհետեւ հասարակությանն անհայտ մի հումանոիդ է նա, որին ուզում են մանդատ շնորհել: Իմ վստահված անձինք դեռեւս կոնկրետ փաստեր չեն արձանագրել, բայց մինչեւ ժամը 8-ը սպասում ենք»,- «Հետքին» ասաց թիվ 10 ընտրատեղամասում պատգամավորության թեկնածու, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Վլադիմիր Կարապետյանը նրա վստահված անձն է այսօր, մարքսիստը պատասխանեց.
«Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ կոմսոմոլչիկ Հրանուշ Հակոբյանը դարձավ ՀՀՇ-ական նախարար, հետո դարձավ ՀՀԿ-ական նախարար: Քաղաքական մետամորֆոզը` երեկ ՀՀՇ էր, այսօր մարքսիստի դրոշի տակ է, նշանակություն չունի: Եթե իմ ստորագրության տակ է ստացել վստահված անձի մանդատը, ուրեմն պաշտպանում է իմ շահերը»:
Դավիթ Հակոբյանը թեեւ վերջերս տարաձայնություններ ուներ Հայ ազգային կոնգրեսի հետ, այնուամենայնիվ, իր վստահված անձնանց կարգադրել է համագործակցել Նիկոլ Փաշինյանի վտսահված անձանց հետ:
«Ես կարգադրություն եմ արել իմ վստահված անձնանց` համագործակցել ընդդիմության հետ, որպեսզի ընտրակեղծիքներից պահպանի ընտրատուփը: Ընտրության ժամանակ, ինչպես կասեր Լենինը, թեկուզ սատանայի հետ պետք է համագործակցել` հանուն արդյունքի: Նե վաժնը մետըդ, ա ռեզուլտատ»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել