
Վարդանիկի հերթական «հերոսական» արարքը
Անցած շաբաթ «Հայլուրը» հաղորդեց, որ իր հեռարձակած նյութից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն անձամբ է զբաղվելու Գյումրու կաթսայատան խնդրով: Ի՞նչ է պատահել Գյումրիում եւ ինչու՞ է նախագահի աշխատակազմի ղեկավարը որոշել զբաղվել դրանով: Ի՞նչ է այս անգամ արել Գյումրու քաղաքապետը` անորսալի Վարդան Ղուկասյանը:
Տարիներ շարունակ մեկը մյուսից սկանդալային պատմությունների մեջ հայտնվող եւ միշտ «պլստացող» քաղաքապետն այս անգամ որոշել է «Լինսի» հիմնադրամի ծրագրով կառուցած կաթսայատունն ապամոնտաժել եւ տեղադրել քաղաքապետարանի նորակառույց շենքի հարեւանությամբ, որպեսզի ջեռուցի իր եւ իր աշխատակիցների աշխատասենյակները:
Կաթսայատունը նախատեսված էր «Լինսի» հիմնադրամի` անօթեւանների համար կառուցած շենքերի ջեռուցումն ապահովելու համար: «Լինսը» բարեգործական հիմնադրամ է, տարիներ շարունակ այն միջոցներ է ներդրել աղետի գոտու վերականգման, ճանապարհների կառուցման եւ զանազան ծրագրերի համար: Իսկ ահա աղետի գոտու Վարդան Ղուկասյան անուն-ազգանունով մի քաղաքապետ որոշել է դրանից էլ օգտվել: Եվ եթե լրագրողը չխոսեր այդ կաթսայատան մասին, Վարդանիկը դա էլ էր մարսելու:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի միջամտությունից հետո կաթսայատունը ետ է տարվել: Բնակիչների համար, բնականաբար, այն չի աշխատելու, համենայնդեպս ձմեռվա կեսն է, եւ այն դեռ չի աշխատում: Հանրապետական քաղաքապետն անպատժելի է, կուսակցությունը նրան, իհարկե, չի հեռացնի իր շարքերից:
Ավելին, Վարդանիկին կարող է պագեւի արժանացնել, որ այս անգամ էլ կարողացավ «պատվով» դուրս գալ: Իսկ ինչու՞ է նախագահի աշխատակազմի ղեկավարը այս հարցով զբաղվում եւ ոչ թե դատախազությունը, ինչու՞ առայսօր քրեական գործ չի հարուցվել, ինչու՞ է իշխանությունն այսքան անզոր: Սրա համա՞ր էլ է քաղաքական կամք անհրաժեշտ: Ի՞նչ արժանիքներ ունի Վարդան Ղուկասյանը, որ հերթական իշխանությունն է նրան այդքան «գուրգուրանքով» վերաբերվում: Ես փորձում եմ հասկանալ, բայց չեմ կարողանում: Մի՞թե պատճառը «գժի թուղթն» է:
Մեկնաբանել