
Երեւանի ավագանու անդամների մեծամասնությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից են, նրանց համամասնական ընտրացուցակով է Գագիկ Բեգլարյանն ընտրվել քաղաքապետ: Այդ պատճառով էլ ՀՀԿ խմբակցության ավագանիներից շատերը, նույնիսկ դեմ լինելով, կողմ են քվեարկում քաղաքապետի ներկայացրած առաջարկներին: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում ասաց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը:
Նա համաձայնեց «Հետքի» այն դիտարկմանը, որ այսպիսի պայմաններում Գագիկ Բեգլարյանի կայացրած ցանկացած որոշում կարող է հավանության արժանանալ ավագանու կողմից: «Տեսականորեն դա այդպես է ու ի սկզբանե կար այդ տրամաբանության միտումը: Բայց ուժի զոռով չպետք է աշխատել: Մենք տեսանք, թե մեր երկրում ինչ լուրջ խնդիրներ եղան պատճառով` ելնելով այդ տրամաբանությունից, թե մենք շատ ենք ինչ կուզենք կանենք»,- նշեց Արման Վարդանյանը:
Նրա խոսքով` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հասել է նրան, որ իրենց կառուցողական առաջարկները եւս ընդունվում են. «Նոյեմբեր ամցիս յուրաքանչյուր հարց քննարկվում է եւ բոլոր հարցերում կան մեր առաջարկները»:
Ինչ վերաբերում է Հանրապետական խմբակցության հետ նախկինում ունեցած խնդիրներին, Արման Վարդանյանը նշեց, որ դրանց շնորհիվ ավագանին ավելի արագ կայացավ, եւ այսուհետ իրենց նախաձեռնություններն ու առաջարկներն ընդունվում են մեծամասնության կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել