
Այսօր Կառավարության շենքի դիմաց կրկին իրենց բողոքն էին արտահայտում 2001թ-ին Իրանի հյուսիսում վթարի ենթարկված, «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Յակ-40» ինքնաթիռի անձնակազմի 5 զոհված անդամների ընտանիքները: Քաղաքացիները ցանկանում են ստանալ օրենքով սահմանված նպաստները, որոնք դադարեցվել են 2007 թվականից: Նրանք պնդում են, որ կորցնելով ամուսիններին` ոչ մի հնարավորություն չունեն պահելու իրենց զավակներին:
Զոհվածի այրի Լարիսա Օհանյանը հուսահատված ասաց. «Ոչ մի հնարավորություն չունեմ անչափահաս երեխաներիս պահելու, մնում է հենց հիմա ստեղ բենզին լցնեմ, ինձ վառեմ, երեխեքիս էլ տամ մանկատուն»:
Կանայք հանդիպում էին պահանջում վարչապետից, սակայն ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս վարչապետը նրանց չընդունեց: Փոխարենը նրանց մոտեցավ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը` խոստանալով հաջորդ տարվա ԱԺ առաջին քառօրյայի ընթացքում հնչեցնել այդ խնդիրը` անձամբ վարչապետից պատասխան ստանալու ակնկալիքով:
Այնուհետև զոհվածների հարազատները կրկին գնացին դեպի նախագահի նստավայր: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին նրանք նախագահին դիմում էին հանձնել, որի պատասխանը դեռ չեն ստացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել