
Երեկ Ավան և Նոր-Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ռադիո Հայ»-ն ընդդեմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում «Ռադիո Հայ»-ի ներկայացուցիչը փորձել է հիմնավորել, որ իրենք քաղաքականապես չեզոք լրատվամիջոց են եւ որ Ստեփան Սաֆարյանի գրած հոդվածը արատավորում է ռադիոկայանի գործարար համբավը:
Դատարանը ժամանակ է տվել Ստեփան Սաֆարյանին, որպեսզի նա գրավոր պատասխան ներկայացնի «Ռադիո Հայ»-ի ներկայացուցչի մատնանշած փաստարկների վերաբերյալ եւ դատական նիստը հետաձգել է մինչեւ հունվարի 14-ը:
Հիշեցնենք, որ «Ռադիո Հայ»-ը պահանջում է ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին պարտադրել հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ» ռադիոկայանը, պատրաստելով և հուլիսի 30-ին և 31-ին եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր:
Ստեփան Սաֆարյանը «Հրապարակ» օրաթերթում հոդված էր հրապարակել, որտեղ ռադիոհաղորդումն անվանել էր «նախագահականից իջեցված պատվերով երկսերիանոց ռադիոհամերգ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել