
Արագածոտնի մարզի Արագած գյուղի համայնքապետարանի շենք մտնող գյուղացու մոտ առաջին տպավորությունն այն է, որ եթե ինքը հարկերը չի վճարել, ուրեմն իզուր է մտել գյուղապետարան, քանի որ պահանջներ ներկայացնել չի կարող:
«Եթե չես վճարել տեղական հարկերը, ապա գյուղապետարանին չես կարող պահանջներ ներկայացնել: Չվճարելով հարկերը` դու վնասում ես ինչպես քեզ, այնպես էլ ողջ համայնքին»,-այս գրությունը փակցված է գյուղապետարանի ցուցատախտակին: Այս գյուղում հարկ վճարելն այնքան են կարեւորում, որ նույնիսկ պատժում են հարկեր չվճարողների երեխաներին, որոնք հաճախում են գյուղի մանկապարտեզ:

«Այն ընտանիքները, ովքեր ունեն Արագածի գյուղապետարանի հանդեպ հարկային պարտավորություններ` կարճ ժամկետում չվճարելու դեպքում երեխաները կզրկվեն մանկապարտեզ հաճախելուց»,-այս գրությունն էլ փակցված է գյուղի մանկապարտեզի պատին:
Արագածի գյուղապետ Գագիկ Պողոսյանը «Հետքին» պարզաբանեց, որ մանկապարտեզի պատին դեռեւս անցյալ տարվանից է այդ գրությունը փակցված: Նրա ասելով` դա պարզապես գյուղացիներին զգաստացնելու քայլ է եղել եւ ոչ մի հարկ չվճարողի երեխա չի պատժվել:

«Բոլորն էլ մեր գյուղի երեխաներն են, ով իրեն թույլ կտա, ասի` քո երեխուն մանկապարտեզ մի բեր: Պարզապես մարդկանց փորձում ենք բացատրել, որ մանկապարտեզը գյուղապետարանն է պահում եւ իրենց վճարած հարկը գնում է նաեւ իրենց երեխաների վրա»,-ասաց Գ. Պողոսյանը: Գյուղապետի փոխանցմամբ` անցյալ տարի հարկ չվճարող 4-5 ընտանիք է եղել, որոնց երեխաները հաճախել են մանկապարտեզ: Այդ գրություններից հետո նրանք էլ մասնակի վճարել են հարկերը:
Թեեւ գյուղապետարանը մարդկանց պարտադրում է կատարել պարտավորությունները, սակայն առաջին հերթին թերանում են հենց իրենք: Մեր այցելության պահին գյուղապետարանի ցուցատախտակին բացի մի քանի հայտարարություններից, ուրիշ ոչինչ չգտանք; Փակցված չէր ոչ ավագանու որոշումները, ոչ էլ համայնքի բյուջեն ու կատարողականի հաշվետվությունները:
Մեր այս դիտարկմանը Գ. Պողոսյանը պատասխանեց, որ իրենք ոչ թե թղթի վրա են հաշվետուվություն տալիս, այլ մասայական աշխատանք են տանում: «Մեր թերությունն է, որ վերջին ավագանու նիստի վերջին որոշումները փակցված չի: Մենք պարտադիր փակցնում ենք բոլորը: Նույնիսկ 10 000 դրամ օգնություն տրամադրելը, որը համայնքի ղեկավարի լիազորությունն է, անպայման ավագանու համաձայնությունը ստանալուց հետո ենք անում:
Հրապարակայնությունը լավ բան է, բայց դրա մեջ էլ ցուցադրական բաներ կան: Եթե ավագանին իրոք ներկայացուցչական լինի, կարող է փաստաթղթերը ստուգել եւ վերահսկել մեր աշխատանքները: Մեր գյուղում ավագանին ձեւական չի»,-ավելացրեց գյուղապետը:
Գ. Պողոսյանի ասելով` բյուջի կատարողականի համար հաշվետուվություն տալիս են տարեվերջին եւ հրապարակային: Հայտարարում են հաշվետվության օրը եւ ցանկացողները կարող են ներկա գտնվել դրան:
«Վերջին հաշվետվության ժամանակ նույնիսկ մարզպետարանի ներկայացուցիչն էր եկել: Ճիշտն ասած` դրանից հետո էլ այդքան շատ մարդ չի գալիս: 4000 բնակիչ ունենք գյուղում, բայց նրանց 1 տոկոսն էլ չի գալիս հաշվետվությանը: Հասարակ ժողովրդից մի 10-15 մարդ է ներկա լինում»,-ասաց Գագիկ Պողոսյանը: Գյուղապետը համոզված է, որ գյուղացիները հաշվետվությանը ներկա չեն լինում զուտ այն պատճառով, որ վստահում են գյուղապետին: «Շատ գյուղացիներին հարց եմ տալիս կոնկրետ հարցերի մասին, ասում են` դա ձեր խնդիրն է, ընտրել ենք, ուրեմն վստահում ենք ձեզ»,-ասաց գյուղապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել