
«Հետք»-ն ընթերցողներից ահազանգ էր ստացել, որ Կոմիտաս պողոտայի 26 եւ 28 շենքերի միջեւ ընկած կանաչ տարածքը շրջափակվել է, եւ ծառերը «վտանգի մեջ են»:
Տեղում պարզեցինք, որ շինարարություն իրականացնելու համար մոտ 3 ամիս է` «շրջափակման մեջ են» մոտ 4 հաստաբուն եւ 6 մատղաշ ծառ: Այդ տարածքում փորվել է փոս, ինչի հետեւանքով հաստաբուն ծառերի արմատները մնացել են օդում:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ նշված տարածքը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության աշխատակիցների կողմից ենթարկվել է ուսումնասիրության, ինչի արդյունքում պարզվել է, որ Կոմիտաս 26 հասցեում շինարարությունն իրականացնում է «Ղահրամանյան եղբայրներ» ՍՊԸ, որն ունի կառուցապատման համար բոլոր իրավական փաստաթղթերը։

Քաղաքապետարանի պատասխանում նաեւ նշված է, որ շինարարության նախագիծը կազմվել է համաձայն քաղաքապետարանի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, որտեղ հստակ նշված է՝ կառուցապատման արդյունքում բացառել որևէ ծառահատում։ Հիմքի համար նախատեսված փորված փոսի տարածքում ծառեր չեն եղել, իսկ նախագծով նախատեսված է օբյեկտի շինարարությունն իրականացնել` շրջանցելով գոյություն ունեցող ծառերը։
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության վարչությունը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը հետամուտ է լինելու, որպեսզի կառուցապատումն իրականացվի համաձայն ներկայացված նախագծի՝ պահպանելով գոյություն ունեցող ծառերը, իսկ հարակից տարածքը կանաչապատվի կառուցապատողի միջոցներով՝ ըստ հաստատված դենդրոնախագծի։

Իրադարձությունների զարգացումների մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել