
Սերոբ Տեր-Պողոսյանի գործով քննությունը թերի է կատարվել
Արդեն ակնհայտ է դառնում, որ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով նախաքննական մարմինը` տվյալ դեպքում ազգային անվտանգության ծառայությունը, ոչ լիարժեք քննություն է իրականացրել:
Նախ` գործում չեն ներգրավվել բոլոր զոհերը: Հարցաքննվել է 10 տուժող, մինչդեռ նրանց թիվն ավելին է: Նախաքննական մարմինն այդպես էլ չի պարզել, թե անչափահասների ծնողներից ովքեր են տեղյակ եղել, որ իրենց երեխաները ենթարկվում են սեռական շահագործման` որոշակի գումարի դիմաց: Ծնողների` դատարանում տված ցուցմունքներից գրեթե համոզվում ես, որ նրանց մի մասը գիտեր, թե ինչի համար են իրենց երեխաները պարբերաբար գումար բերել տուն:
Ընդ որում` դրանք փոքր գումարներ չեն, երբեմն տասնյակ հազար դոլարների հասնող գումարներ են եղել: Եթե ամփոփ ներկայացնենք, ծնողներն իրենց երեխաների միջոցով փող էին աշխատում: Ստացվում է, որ նրանք որոշակի մասնակցություն են ունեցել Սերոբ Տեր-Պողոսյանի հանցանքին: Իսկ կա՞ որեւէ երաշխիք, որ ծնողները իրենք չեն դրդել երեխաներին գնալ նման քայլի:
Այսօր կա՞ որեւէ երաշխիք, որ այդ նույն ծնողներն իրենց անչափահաս աղջիկներին չեն ուղարկի փող աշխատելու: Գուցե նրանց մեջ կան ծնողներ, որոնց պետք է զրկել ծնողական իրավունքից: Սոցիալապես անապահով լինելը, որն այս գործով դարձել է «մատի փաթաթան», ոչ մի դեպքում չի կարող արդարացնել այդ ծնողներին:
Սոցիալապես վատ վիճակում գտնվելը դրոշակ դարձրած ծնողները «հուզվում» են դատարանում, սակայն վաղը, եթե հնարավորություն ունենան, իրենց երեխաներին նորից ուղարկելու են «պարոն Սերոբի» մոտ: Այդպես են դիմում Սերոբ Տեր-Պողոսյանին նրա զոհերը եւ նրանց ծնողները:
Տարօրինակն այն է, որ այս գործով չեն հարցաքննվել Սերոբ Տեր-Պողոսյանի վարորդը, անվտանգության աշխատակիցները, որոնք տանում-բերում էին այդ երեխաներին, հյուրանոցների աշխատակիցներին, որտեղ տարել է այդ երեխաներին Սերոբ Տեր-Պողոսյանը: Կան բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պարտակել են այս հանցագործությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել